2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922»: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է «2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 512 այց է իրականացվել տարբեր հաստատություններ ու վայրեր:
Անդրադառնալով միջազգային համագործակցության հարթակում արձանագրված ձեռքբերումներին՝ զեկուցողը նշել է, որ Հայաստանի ՄԻՊ-ն առաջին անգամ ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման մարմնում:
Անահիտ Մանասյանը խոսել է հասարակության շրջանում առկա անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտի մասին: Նա նշել է, որ արձանագրվել են խնդիրները եւ նախանշվել են դրանց լուծման ուղիները: Մարդու իրավունքների պաշտպանը չափազանց կարեւորել է հանրային եւ քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը՝ ատելության խոսքի եւ անհանդուրժողականության հակազդմանը:
Նշվել է, որ կառույցը հատուկ ուշադրություն է դարձրել խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքի իրացման, կալանքի, անմեղության կանխավարկածի, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին. արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ:
Անահիտ Մանասյանը խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված համակարգային խնդիրների մասին:
Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ զեկուցողի, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն:
Նշվել է, որ զեկույցում հատուկ անդրադարձ կա փաստաբանների գործունեության երաշխավորմանը. մասնավորապես նկարագրվել են փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերը եւ ընդգծվել է դրանց անթույլատրելիությունը:
Ըստ Անահիտ Մանասյանի՝ զեկույցում բավականին ծավալուն ներկայացված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին վերաբերող հարցերը. կառույցի կողմից ցուցաբերվել է թե՛ աջակցություն եւ թե՛ արձանագրվել են խնդիրները:
Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տրվել պարզաբանումներ: Մասնավորապես՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական մարմինների կողմից ճնշումներ լինում են Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, եւ արդյոք այդ մասին նշվել է հաղորդման մեջ:
Ի պատասխան՝ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պետական մարմինների կողմից ճնշումներ չեն եղել: «Սովորաբար Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ ամենամեծ վտանգը նկատվում է հենց պետական մարմիններից, հատկապես՝ գործադիր իշխանության մարմիններից: Հատուկ արձանագրեմ՝ եթե խոսքը պետական իշխանության մարմինների մասին է, ապա նշեմ, որ այս տարվա ընթացքում որեւէ դեպքով չեմ նկատել իմ անկախության նկատմամբ ոտնձգություն կամ իմ նկատմամբ ճնշում, քանի որ կարողացել եմ շատ ազատ խոսել բոլոր խնդիրների վերաբերյալ, կամ որեւէ խնդրի վերաբերյալ խոսելուց հետո չեմ ունեցել դրա հետ կապված այնպիսի արձագանք, որը կարող է իմ անկախության նկատմամբ ոտնձգության վերաբերյալ վկայել»,- մանրամասնել է պաշտպանը՝ հույս հայտնելով, որ այս իրավիճակը կշարունակվի:
Նիստի ավարտին Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին կատարած աշխատանքների համար՝ նշելով, որ միջազգային բազմաթիվ կառույցների ներկայացուցիչներ, անցկացնելով մշտադիտարկում, դրական են գնահատել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի գործունեությունը:
Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՉԴԱԴԱՐՈՂ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ
«Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի». – այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից։
«Ստի եւ կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության եւ արդարության»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին:
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։

ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵԼ Է ՀԱՐՑԸ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2019 թվականի սեպտեմբերից Իջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021 թվականի ապրիլի 8-ից Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցում ենք արել. «Դուք ո՞ր թվականին եք դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ո՞ր թվականին՝ այդ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ»։ Մարզպետը տվել է ապշեցնող պատասխան. «Հարցի վերաբերյալ Ձեզ պատասխանվել է»։
Ե՞րբ է պատասխանվել. իրականում «չի պատասխանվել», այլապես մենք այդ հարցի պատասխանը մամուլում կհրապարակեինք։ Բացի դրանից, մեր լրագրողի կողմից անիմաստ կլիներ մարզպետին տալ այն հարցը, որին նա պատասխանել է. կարծում ենք, որ ՔՊ-ի հանդեպ Հայաստանի, մասնավորապես՝ Տավուշի մարզի բնակիչների կարծիքը իմանալով՝ մարզպետ Ղալումյանը խուսափել է հարցին պատասխանելուց։
Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո նա երկար ժամանակ իր կենսագրության մեջ չէր նշում կուսակցական պատկանելիության մասին. մարզպետին իր կուսակցական պատկանելիության վերաբերյալ մեր հարցումներից հետո մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված կենսագրության մեջ նա հավելեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը։

ԲԱՂԱՆԻՍ-ՈՍԿԵՊԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՓԱԿ Է
Ապրիլի 25-ի առավոտից Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը երկկողմանի փակել են, որպեսզի սահմանազատման գործընթացի սահմաններում աշխատանքներ իրականացնեն։ Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում երթեւեկը կատարվում է «Հարսնաքարով» ձգվող շրջանցիկ ճանապարհով։ Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանի, Բաղանիս-Այրում նախկին գյուղի սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով։ Այստեղ արդեն սահմանային սյուներ են տեղադրվել։
Բաղանիս գյուղում հավաքված կենցաղային աղբը հեռացվում է ամեն կիրակի օր։
Անցած կիրակի՝ ապրիլի 21-ին, Բաղանիսի կենցաղային աղբը տեղափոխվել է նշված աղբավայր, սակայն հաջորդ կիրակի, ամենայն հավանականությամբ, դա հնարավոր չի լինելու անել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս