ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ապրիլի 26-ին ներկայացրել է Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բանախոսներին: Համաշխարհային մտքի առաջնորդները եւ համայնքներում էական փոփոխություն իրականացնող մարդիկ հանդիպելու են «Ավրորայի» միջոցառումների շրջանակում՝ մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում:

Քանի որ հակամարտություններն ու պատերազմները շարունակվում են աշխարհի բազմաթիվ հատվածներում, այս տարի միջոցառումների առանցքում «լուսավոր ապագայի հույսն է՝ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում»։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն 2024 թվականին աշխարհում մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության եւ պաշտպանության կարիք կունենա՝ հակամարտությունների, կլիմայի փոփոխությամբ եւ այլ հանգամանքներով պայմանավորված արտակարգ իրավիճակների պատճառով:
«Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կհամախմբենք մեր ժամանակի լավագույն փորձագետներին՝ համաշխարհային առաջնորդներին, որոնք կներկայացնեն մարդասիրության եւ մարդու իրավունքների ոլորտում իրենց ունեցած փորձն ու գիտելիքները՝ լուծելու հրատապ խնդիրները, որոնց բախվում ենք այսօր», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը:
Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը հանդես կգա որպես հիմնական բանախոս՝ ներկայացնելով իր տեսակետը, թե որքան կարեւոր է լինել անդրդվելի մարդու իրավունքների պաշտպանության հարցում այն ժամանակ, երբ միլիոնավոր մարդկանց իրավունքներ շարունակում են խախտվել ավտորիտար եւ պոպուլիստական ռեժիմների կողմից:
Նախատեսվում է, որ ավելի քան 55 բանախոս, այդ թվում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ, միջազգային բժիշկներ եւ հանրային առողջապահության եւ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ կխոսեն արհեստական բանականության զարգացման պայմաններում մարդու իրավունքների հարցերը դիտարկելու հրատապության մասին:
2024 թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումների շրջանակում Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը տեղի կունենա Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
««Խոստում» ինստիտուտը մարդու իրավունքների կրթական, հետազոտական, ազդեցության եւ մտքի առաջնորդության համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություն է», – նշել է «Խոստում» ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին:
Մայիսի 9-ին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ կհայտարարվի 2024 թ. դափնեկրի անունը, որին կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ: Մրցանակը կշնորհվի «Ավրորայի» երեք հերոսներից մեկին, որոնք օգնության ձեռք են մեկնում ամենադժվարին իրավիճակում գտնվող մարդկանց իրենց համայնքներում:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում տեղի կունենան բազմաթիվ քննարկումներ. կրթության իրավունք, բռնի տեղահանություն եւ փախստականների խնդիրներ, կլիմայի փոփոխության ազդեցություն, գենդերային արդարություն, արհեստական բանականություն, համաշխարհային առողջապահական ճգնաժամ եւ այլ թեմաներ: Կցուցադրվի նաեւ բազմաթիվ մրցանակների արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը։
Մայիսի 10-ին լոսանջելեսյան միջոցառումները կամփոփեն «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ «Խոստում» ինստիտուտի համահիմնադիր Էրիկ Էսրայիլյանը՝ հատուկ հանդիպման ժամանակ:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՎՃԱՐՈՎԻ
Ապրիլի 25-ին Վենետիկը՝ մոլորակի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկը, փորձարկում է սկսել` զբոսաշրջիկները քաղաք մեկօրյա այցելության համար կվճարեն 5 եվրո մուտքավճար:
Հինգշաբթի օրը Վենետիկն առաջին անգամ սկսեց քաղաք մուտք գործելու համար 5 եվրո գանձել այն զբոսաշրջիկներից, ովքեր ժամանում են այնտեղ մեկօրյա ճամփորդության եւ չեն գիշերում: Վենետիկ վճարովի մուտքը գործում է 8:30-ից 16:00-ը:
Այս նախագիծը մշակվել եւ հայտարարվել է նախապես՝ պիկ օրերին զբոսաշրջիկների կուտակումները նվազեցնելու եւ իրավիճակն ավելի տանելի դարձնելու ակնկալիքով՝ թե՛ քաղաքացիների, թե՛ այցելուների համար։
Վենետիկի երկաթուղային կայարաններում հայտնվել են մեծ ցուցանակներ, որոնց վրա նշված են գալիք ամիսների այն օրերի ամսաթվերը, երբ քաղաքում մնալը վճարովի է լինելու, ինչպես նաեւ առանձնացվել են նոր առանձին ելքեր դեպի քաղաք՝ զբոսաշրջիկների եւ նրանց համար, ովքեր ապրում, սովորում կամ աշխատում են Վենետիկում: Ցուցանակների մոտ հերթապահող աշխատակիցներ կան, ովքեր այցելուներին զգուշացնում են նոր կանոնների մասին եւ օգնում ներբեռնել QR կոդը՝ տոմս գնելու համար։
Վճարովի տոմս չունենալու դեպքում զբոսաշրջիկները կվճարեն 50 եվրո տուգանք։

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը երեկ՝ ապրիլի 26-ին, «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ առաջարկում է ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարվի ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։
«Երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է տվյալ մեքենայի հետ կապված նրա հարկային պարտավորությունները։ Եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա նա պարտավոր է վճարել այն ամբողջովին։ Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ երբեմն քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, բայց մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ»,- ասաց Թունյանը։
«Հիմա ենթադրենք մարդը ինչ-ինչ խնդիրներ է ունեցել եւ հաշիվները կալանքի տակ են ընկնում։ Հիմա ինքն ուզում է իր մեքենայով տաքսի վարի, որ փող աշխատի՝ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչեւ պարտքդ չփակես, չենք թույլ տա տեխզննություն անցկացնել, այսինքն՝ այդ մարդուն դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ։ Այդ նպատակահարմարությունը պետք է քննարկել»,-ասաց նա։

ՍԱԿՐԱՎՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Ապրիլի 25-ին Տավուշի մարզի Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականազերծման աշխատանքներ կատարելիս ականապայթյունային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, 1980 թվականին ծված Գ. Մարդանյանը. Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան նույն օրը՝ ապրիլի 25-ին, հետագա բուժման համար Իջեւանի ԲԿ-ից տեղափոխել են Երեւան։

ՈՒՐԱՑԵ՞Լ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնի «Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանները» ենթաբաժանում ընդհանրապես տեղեկություններ չկան Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Կողբի Մշկավանքի, Բարեկամավանի նախաքրիտոնեական շրջանի Բարձրյալ Խաչ դամբարանի մասին։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին ապրիլի 17-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել, թե ինչու նշանավոր հնամենի այդ հուշարձանների մասին մարզպետարանի կայքի նշված ենթաբաժնում տեղեկություններ չկան, սակայն մինչեւ հիմա պատասխան չենք ստացել։

ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ ԵՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ
Տավուշի մարզից տարածքները միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելու դեմ պայքարողների առաջամարտիկներից է Ոսկեպար գյուղի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը; Տավուշից 4 գյուղերի տարածքները հանձնելու դեմ պայքարող, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին համացանցում վարկաբեկելուց հետո հիմա էլ Միհրան Մախսուդյանին են վարկաբեկում։ Համացանցում ՔՊ-ական իշխանության նոյեմբերյանցի կողմնակիցների կողմից տարածվում է հատված՝ հարցազրույցից, որտեղ գունատ դեմքով մեկը ստուդիայում, գլխարկը գլխին նստած, հարցազրույց տալով՝ ասում է, որ ինքը 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է Սարուշենի պաշտպանությունը, հանդիպել է Արցախ եկած հրամանատար Միհրան Մախսուդյանին, վերջինս Արցախից «փախել է»։ Հարցազրույց տվողը Միհրան Մախսուդյանին անվանում է «կապիկ», ասում, որ նա «նինձիայի» շարժումներ է արել եւ այլն։ Եթե Արցախում պատերազմի ժամանակ հրամանատար եղած Մ. Մախսուդյանը պատերազմից փախած լիներ, ինչո՞ւ դրա համար անցած երեքուկես տարում նրա նկատմամբ քրեական գործ չեն հարուցել։ Նա 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետն էր, պաշտոնից ազատել են 2023թ. հունվարի 19-ին՝ Ազատ գյուղի կացարանում 15 զինվորի մահվան ելքով հրդեհից հետո: Մ. Մախսուդյանը հայտարարել է , որ այդ դեպքի ժամանակ ինքը զինվորական հոսպիտալում է եղել։ Միհրան Մախսուդյանի եղբայրը, հայրն ու պապը զոհվել են Ոսկեպարում 1990-կան թվականների ազատամարտի ժամանակ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս