Հունիսի 6-ին ողջ աշխարհում նշվում է Խորհրդատուների միջազգային օրը, եւ մենք ուրախ ենք հայտնել Հայաստանում անցկացվելիք խորհրդատուների միջազգային CMC համաժողովի եւ տարեկան հավաքի մասին, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 7-11: Այս հեղինակավոր միջոցառումը, որը կազմակերպվում է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Հայաստան) կողմից, խոստանում է անկյունաքարային լինել համաշխարհային խորհրդատվական եւ գործարար համայնքի համար:
Խորհրդատուների միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 2005 թվականին, նպատակ ունի ընդգծելու կառավարման խորհրդատուների անգնահատելի ներդրումն ամբողջ աշխարհում: Խորհրդատուների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Միտումները վերածելով բիզնեսի» թեմայով՝ կարեւորելով խորհրդատուների առանցքային դերը զարգացող բիզնես էկոհամակարգի ձեւավորման եւ զարգացման գործում:
Կառավարման խորհրդատուները կարեւոր դեր ունեն բիզնեսի համար՝ իրենց անգնահատելի փորձով աջակցելով վերջիններիս արդյունավետության, ռազմավարության եւ կառավարման բարելավմանը, միջազգային դերի մեծացմանը։ Ոլորտի հիմնական միտումները ներառում են թվային փոխակերպումը, տվյալների վերլուծությունը, կայունությանն ուղղված գործողությունների պլանը, հեռահար եւ հիբրիդային աշխատանքային մոդելների շեշտադրումը, քանի որ արագ փոփոխվող համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար ընկերությունները մշտապես փնտրում են նորարար լուծումներ եւ խորհրդատուներ, ովքեր կկարողանան օգնել այդ գործընթացներում։
Միջազգային CMC համաժողովը կառավարման խորհրդատուների ամենամյա հավաք է, որը խթանում է միջազգային խորհրդատուների միջեւ գիտելիքների փոխանակմանը, մասնագիտական ցանցի ընդլայնմանը եւ մասնագիտական աճի միջավայրի ստեղծմանը: Այս տարվա համաժողովը կենտրոնանալու է հետեւյալ թեմաների շուրջ՝ խորհրդատվություն, թվայնացում, շրջակա միջավայր-կայունություն, բիզնես միջավայր եւ ներկայանալու է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրի ներքո: Միջազգային CMC համաժողով 2024 CMC համաժողովը մասնակիցներին առաջարկելու է հարուստ օրակարգ՝ վարպետության դասեր, սեմինարներ եւ փոխգործակցության հնարավորություններ, որոնք կենտրոնացած են «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» թեմայի շուրջ:
Օրակարգը ներառելու է բացման միջոցառում, միջազգային CMC համաժողով, հեղինակավոր «Կոնստանտինոս» միջազգային մրցանակաբաշխություն (որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկար»), գալա ընթրիք, պատվիրակների եւ հյուրերի համար միջոցառումներ:
Միջազգային CMC ամենամյա համաժողովը կառավարման խորհրդատուների ոլորտի առաջնակարգ միջոցառում է: Այս համաժողովի միջոցով Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհուրդը (ICMCI-International Council of Management Consulting Institutes), նպատակ ունի կապ հաստատելու տարածաշրջանի եւ այլ երկրների խորհրդատուների հետ՝ փոխանակելու առաջատար խորհրդատվական փորձառություններն ու հայեցակարգերը: Համաժողովին մասնակցելու են կառավարման խորհրդատուներ ամենատարբեր ոլորտներից՝ փորձառու մասնագետների կողքին հանդես կգան նաեւ նորեկներ, ոլորտով հետաքրքրված ուսանողներ, մասնագիտական զարգացումը կարեւորող անհատ խորհրդատուներ, խորհրդատվական կորպորատիվներ եւ ղեկավարներ: Միջոցառման օրակարգում նախանշված են տարատեսակ համընթաց հանդիպումներ, որոնք կանցկացվեն ոլորտի առաջատար մասնագետների եւ խորհրդատուների կողմից:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
122 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻՆ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների եւ դահլիճի նորոգման աշխատանքների եւ հարակից ծառայությունների ձեռքբերմանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո (գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության 22.12.2022թ.-ի N 2043-Ն որոշմամբ) առկա է նաեւ ՊՈԱԿ-ի ստեղծագործական անձնակազմի համար նախատեսված հին եւ անմխիթար վիճակում գտնվող փորձասենյակների հիմնանորոգման, ինչպես նաեւ համերգասրահը նոր փորձասենյակներով համալրելու անհրաժեշտությունը։ Համերգասրահում համերգների եւ մշակութային իրադարձությունների այլընտրանքային վայր ունենալու նպատակով նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաեւ փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային եւ կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով եւ այլն։
Նախատեսվում է նաեւ նորոգել համերգասրահի աստիճանավանդակներից մեկը եւ համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների եւ սանհանգույցների նորոգման, ինչպես նաեւ տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման, ինչը թույլ կտա հետագայում ոչ միայն անվանի արտիստներին, այլեւ երգչախմբերին եւ այլ մեծ կոլեկտիվներին հավուր պատշաճի ապահովել համապատասխան հանդերձարաններով։
Նախատեսվում է նորոգել նաեւ համերգասրահի 1-ին եւ 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաեւ դահլիճում կատարել թատերահարթակի եւ պարտերի ընթացիկ նորոգման եւ ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման եւ կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։
Կատարվելիք աշխատանքների արագ եւ համալիր իրականացումը կարեւոր է ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բնականոն գործունեության համար, այլեւ մշակութասեր հասարակությանը լիարժեք, հագեցած եւ պատշաճ մակարդակով ներկայանալու տեսանկյունից։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐ՝ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ
Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ ինքը, նայելով կադաստրային քարտեզին, կարող է ասել, որ գյուղից 57 կամ 58 անշարժ գույք լինելու է նոր սահմանին կից, որոշ դեպքերում սահմանը մտնելու է Կիրանցի բնակչին պատկանող տարածքի մեջ։ Նրան հարցրինք պետության կողմից Կիրանցի բնակիչներին տրվելիք փոխհատուցման մասին։ Ղեկավարն ասաց, որ այդ հարցերով չի զբաղվում, կեղծ ու վիրավորական համարեց այն տեղեկությունը, որ ինքը համագյուղացիներին համոզել է պետությունից փոխհատուցում վերցնել։ Կիրանցի բնակիչ Մհեր Սիմոնյանը, ում տունն անցնելու է Ադրբեջանին, քանդում է իր տունը։ Խանում Թամրազյանը, ում տունը եւս անցնելու է Ադրբեջանին, նույնպես քանդելու է իր տունը։ Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ Կիրանցի խորհրդանիշ արծիվը, որ ապամոնտաժել են, կտեղադրվի միջպետական ավտոճանապարհի եզրին՝ նոր կառուցվող ճանապարհի մուտքի մոտ։
ԱՃԱՐԿՈՒՏՈՎ ՁԳՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Իջեւան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ Կիրանցում սահմանազատումից որոշ տարածքներ, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջն Ադրբեջանից հանձնելուց հետո, Աճարկուտով ձգվող եւ այժմ կառուցվող ճանապարհը չի վնասելու գյուղի բնակիչներին պատկանող ոչ մի տան, պատի, այգու կամ այլ գույքի. նորակառույց ճանապարհն ամբողջությամբ անցնելու է համայնքային տարածքով։ Նրա խոսքերով՝ ճանապարհի շինարարության ընթացքում 1979 թվականին կառուցված հենապատ է փոխվելու, որը նույնպես համայնքային տարածքում է։ Վարչական ղեկավարը զայրացած էր՝ ճանապարհի շինարարության հետեւանքով աճարկուտցիների կրելիք վնասների մասին մամուլում հրապարակումներից։ Ա. Հարությունյանը հայտնեց, որ նոր ճանապարհի նախագծման աշխատանքները 2023թ.-ին են արվել, ճանապարհի շինարարությունն իրականացնում է «Քարավան» ընկերությունը։
մեկ անձից գնումներ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 29-ին որոշում է ընդունել՝ հրատապ, մեկ անձից գնում կատարելու։ Մարզպետարանի կայքում հրապարակված մարզպետի որոշման մեջ գրված չէ, թե տարվա կեսին հրատապ ի՞նչ են գնել, ինչքա՞ն գումարով, ո՞ւմից; Ահա այսպես՝ «թափանցիկ» է աշխատում Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր մարզպետը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ