Նիկոլ Փաշինյանի սուտը․ շուռնուխցիները միայն 3․5 տարի հետո տուն ունեցան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասի բնակարաններն արդեն հանձնված են, սակայն մինչ շահագործման հանձնվելը 5 անգամ հետաձգվել էր։

44-օրյա պատերազմից հետո Շուռնուխից 13 տուն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նոր տները պետք է բնակիչներին հանձնվեին դեռ 2021 թվականին, սակայն տները հանձնվեցին բնակիչներին 3,5 տարի անց՝ 2024 թվականի հունիսի 16-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել Շուռնուխի նորակառույց թաղամասից՝ կից գրելով․

«Նորակառույց 13 տուն այսօր վիճակահանությամբ ի սեփականություն հանձնեցինք շուռնուխցի 13 ընտանիքների։ Շուռնուխի նորակառույց թաղամասը պատրաստ է»։

Հիշեցնենք, որ նոր թաղամասի շահագործումը հինգերորդ անգամ հետաձգվելուց հետո միայն այս տարի կայացավ։

2023 թվականի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասում 13 տների և անասնագոմերի շինարարությունն ավարտվել է, մնացել է ավարտել բարեկարգումը, ապահովել ջրով և էլեկտրականությամբ։
Գյուղի բնակիչները, սակայն, պնդում էին հակառակը։
2023 թվականի սեպտեմբերին գործադիրը հայտարարեց, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ 228 մլն դրամ գումար։ Հավելենք, որ Շուռնուխի նոր բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը շուրջ 1,2 մլրդ դրամ էր։
Բնակիչները մինչ շահագոևծումը պնդում էին, որ նոր թաղամասը, ինչպես ամբողջ գյուղը, ջրի խիստ կարիք ունի։ Հիմնական աղբյուրների կորստից (որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել) հետո կառուցված նոր ջրագիծը գյուղի պահանջները ընդհանրապես չի բավարարում։ Ջուրը բավականացնում է ընդամենը մեկ-երկու տուն ապահովելու համար։
Ընդ որում, բնակիչները նախապես զգուշացրել էին իշխանություններին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, որ աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է, և խնդիրը չի լուծի։

Գյուղի մյուս խնդիրներից է նաև տրանսպորտը։ Շաբաթը երկու անգամ Գորիսից գյուղ է գնում միկրոավտոբուս, բայց այն ծանրաբեռնված է լինում, քանի որ սպասարկում է միանգամից երեք գյուղ՝ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան:

Ստացվում է, որ իշխանությունները իրենց հանդեպ ցասումը կանխելու համար հարմար ժամանակ ավարտին հասցրին բնակարանների կառուցումը և ևս մեկ անգամ իրենց հեղինակությունը բարձրացնելու մեծ քայլ արեցին։

Էմմա Միքայելյան




Լրահոս