«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի դիվանագիտական անձնագրերը, որոնք նախկինում ստանում էին անվանի մարզիկները կամ Հայաստանը տարբեր հարթակներում ներկայացնողները մի քանի տարի առաջ հավաքվել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ այս վերջին տարիներին դիվանագիտական անձնագրեր են բաշխվել են իշխանական կամ իշխանամերձ անձանց՝ անասելի քանակով։
Փորձեցինք տեղեկությունը ճշտել արտաքին գործերի նախարարությունից և խնդրել էինք պատասխանել շատ հստակ պահանջ առաջադրող հարցերի.
1․ ՀՀ-ում քանի՞ անձ ունի դիվանագիտական անձնագիր։
2․ Ինչպե՞ս է, որոշվում, թե ում պետք է տրվի դիվանագիտական անձնագիր։ Խնդրում ենք տրամադրել այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք կարող են ստանալ դիվանագիտական անձնագիր։
3․ Ինչպես նաև ներկայացնել վիճակագրություն, թե 2018 թվականից առ այսօր՝ ամեն տարի, քանի՞ անձի է դիվանագիտական անձնագիր տրամադրվել։
4․ 2018-ից 2024 թվականների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, քանի՞ անձ է զրկվել դիվանագիտական անձնագրից։
ՀՀ ԱԳՆ-ից ստացանք հետևյալ պատասխանը.
1. ՀՀ դիվանագիտական անձնագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական գաղտնիք, որը ենթակա չէ հրապարակման՝ համաձայն «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ին մասի։
2. «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանվում է ՀՀ դիվանագիտական անձնագիր ստանալու իրավունքմունեցող անձանց շրջանակը։
3. 2018 թվականի ընթացքում տրամադրվել է 399 դիվանագիտական անձնագիր։ Այլ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման՝ 1-ին կետում նշված պատճառով։
4. Տրամադրված դիվանագիտական անձնագիրը հետ է վերցվում և անվավեր է ճանաչվում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված հիմքի վերացման դեպքերում, որի մասով առանձնացված հաշվառում չի վարվում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն վերը նշված օրենքի 49-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝
1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.
2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին.
3) Ամենայն հայոց կաթողիկոսին.
4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին.
5) Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին․
6) արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով.
7) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
Նույն օրենքի 2-րդ մասով սահմանվում է՝ սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:
Նախարարության օրենքի հղումներին հետևելով՝ չգտանք հատված, որը հստակ սահմանում է, թե դիվանագիտական անձնագրերի քանակը պետական գաղտնիք է, այլ որոշ կետերում պարզապես կարելի է տեղավորել, բայց հստակ սահմանում դիվանագիտական անձնագրերի մասով նախարարության նշած հղումներում չկա։
Առաջին հարցում նախարարությունը նշում է, որ գաղտնիք է, ապա 3-րդ հարցին ի պատասխան՝ տալիս հստակ 399 դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց թիվ, և սա այն դեպքում, երբ պահանջը 6 տարվա կտրվածքով էր։
Նախարարությունը նաև չի սահմանել՝ քանի անձ է զրկվել դիվանագիտական անձնագրից, այն դեպքում, երբ օրենքը զրկվածների թիվը չի սահմանում որպես պետական գաղտնիք՝ համաձայն նախարարության կողմից հոդված օրենքի։
Ստացվում է, որ միայն հեղափոխության տարում բաշխվել է 399 դիվանագիտական անձնագիր, և մյուս տարիների տվյալները նախարարությունը, ըստ երևույթին, չի տվել՝ թաքցնելով իրականւթյունը 3 մլն վարչապետներից:
Իսկ իրականում, շատ դեպքերում ՔՊ շրջանակներից այնպիսի անձանց են տրվել դիվանագիտական անձնգրեր, որ անգամ ամենավառ երազում նրանք չէին կարողանա դա ունենալ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։