Մենք դեմքով չենք ճանաչում այն մարդկանց, որոնք որոշում են Հայաստանի ճակատագիրը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում շատ քչերն են դեմքով ճանաչում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանին: Նա բավական բարեկիրթ, մտավորական անձնավորություն է, հմուտ դիվանագետ: Մարտի 27-ին նա Հայաստանի Հանրապետության անունից «դեմ» է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող եւ Ղրիմի հանրաքվեի օրինականությունը չճանաչող բանաձեւին: Ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի թվով տասը երկրներում շատ քչերն են ճանաչում ՄԱԿ-ում իրենց պետությունների ներկայացուցիչներին:

Բայց մարտի 27-ի նրանց քվեարկություններն աշխարհում նոր բաժանարար գիծ քաշեցին` 11-ն ընդդեմ 158-ի, կամ` հակառակը: Հայաստանն այս տասնմեկ երկրների շարքում ամենաժողովրդավարականն է: Կամ է՛ր։ Հայաստանի իշխանություններն իրենց որեւէ հարցում քննադատողներին միշտ պատասխանում են` սա մեծամասնության կարծիքն է:
Հետեւաբար, հասկանալի է, որ ոչ թե Զիմբաբվեն ու Սուդանն են հավասարվելու Հայաստանին, այլ Հայաստանն է հավասարվելու նրանց: Մեծամասնության օրենքներով:

Հայաստանի իշխանությունը երկրի ներսում մեծամասնությունը պահպանելու համար Հայաստանը դարձրեց աշխարհի փոքրամասնության անդամ: Բռնապետական, մերժված փոքրամասնության անդամ: Հայաստանի իշխանությունները դա արեցին այդ փոքրամասնության մեծ անդամի` Ռուսաստանի կամքին ենթարկվելով, որպեսզի Ռուսաստանը հանկարծ չմտածի Հայաստանում մեծամասնությունը փոխելու մասին:

Մենք դեմքով չենք ճանաչում Կարեն Նազարյանին, առավել եւս չենք ճանաչում այն մարդու կամ մարդկանց դեմքերը, ովքեր Հայաստանի իշխանությանն են փոխանցել Ռուսաստանի պահանջը կամ սպառնալիքը` «դեմ» քվեակել` այդ բանաձեւին:
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից: Այդ իրավունքը նրանց տվել է Հայաստանի հասարակությունը` անդեմությունը հանդուրժելու հարցում ցուցաբերած անդեմությամբ…»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս