ԸՆԴՄԻՇՏ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը ժամանակի շունչը զգացած մարդ է, օրերի հետ քայլող անձնավորություն, ով կարող է ցանկացած պահի` պայմանավորված «քաղաքական իրավիճակի» թելադրանքով, փոխել իր համոզմունքները, անգամ աշխարհայացքը եւ անել այն, ինչն անհրաժեշտ է իր պաշտոնի պահպանման եւ հանրային շրջանակներում իր անունը մշտահոլով դարձնելու համար:
Զոլյանն էլ մեկն է նրանցից, ովքեր ասպարեզ եկան արցախյան եւ ժողովրդավարական շարժման ալիքների վրա եւ համաձայն հեղափոխությունների եւ նրանցում ունեցած դերի մասին Ռոբեսպիերի հայտնի բնութագրման` հետհեղափոխական շրջանում սկսեց վայելել հեղափոխության պտուղները` ամրապնդվելով նյութապես եւ բարոյապես: Դե, երկրի ամենակոռումպացված բուհերից մեկի ռեկտորը լինելու հանգամանքն արդեն իսկ հուշում է այն մասին, որ հազիվ թե Սուրեն Զոլյանն անտեղյակ լինի այն «դրամաշրջանառությանը», որը կյանքի է կոչվում իր գլխավորած բուհում կամ էլ անմասն լինի ընդունելության քննությունների «մեխանիզմներին», որքան էլ մենք երեւութականություն ենք ստեղծում, թե կենտրոնացված քննություններն ապահովում են արդարությունը…
Իր կյանքը Սուրեն Զոլյանը սկսել է որպես խոստումնալից գիտնական, 1972թ.-ին, ավարտելով Երեւանի թիվ 8 հանրակրթական դպրոցը, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժին, որը գերազանցությամբ ավարտել է 1977թ.-ին: Նույն տարում սկսել է իր աշխատանքային գործունեությունը ԵՊՀ-ում` որպես ավագ լաբորանտ, ապա դասախոս (1979թ.), դոցենտ (1983թ.), ամբիոնի վարիչ (1988-1992թթ.), պրոֆեսոր (1995-1997թթ.): Ընդամենը երեսուներեք տարեկան հասակում նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը եւ դարձել Հայաստանի ամենաերիտասարդ դոկտորներից մեկը, սակայն հետազոտելով նրա գիտական գործունեությունը` տեսնում ենք, որ նշանակալի գրեթե ոչինչ չի արել մեր բանասիրության եւ լեզվաբանության մեջ: Ինչպե՞ս աներ, երբ 1990-ից գիտությունը նրա համար դարձավ երկրորդական, քանի որ Զոլյանը մղվեց քաղաքական գործունեության ասպարեզ:
1990 թվականին նա ընտրվեց ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, զբաղեցրեց Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը: Մենք հիշում ենք նրա ելույթները, հեռուստատեսային հայտնությունները: Այն տարիներին թվում էր, թե Սուրեն Զոլյանն իրապես մտահոգված է Արցախի հարցերով եւ խնդիրներով, սակայն հետադարձ հայացքով գնահատելով նրա դիրքորոշումները` տեսնում ենք, որ էական ու սկզբունքային ոչինչ չկար նրա դիրքորոշումներում… Բայց դրա համար մարդուն չենք մեղադրում, որովհետեւ բնությունը նրան այդչափ էր օժտել, ավելին չէր տվել: Ավարտելով պատգամավորական գործունեությունը` 1995-ից Սուրեն Զոլյանը դարձավ Հայաստանի գիտաարտադրական եւ քաղաքացիական միության հիմնադիրներից, իսկ 1995-1996 թվականներին ղեկավարեց այն: Թե ինչով էր զբաղվում այդ միությունը, ինչ խնդիրներ էր լուծում, չգիտենք, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում, անունը կար, ամանում` չկար… Պարզապես հերթական գրանտակեր մի կազմակերպություն էր սա, որն անհրաժեշտ էր Սուրեն Զոլյանին` միշտ ուշադրության կենտրոնում լինելու համար:
Վայր դնելով պատգամավորական մանդատը եւ ղեկավարելով գիտաարտադրական միավորումը՝ Սուրեն Զոլյանը շարունակեց դասախոսական աշխատանքը ԵՊՀ-ում` անպայմանորեն ցանկանալով ունենալ ավելին: Եւ ունեցավ. 1997-ի ապրիլին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ նշանակվեց Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր: Ուրեմն Զոլյանն այսօր Հայաստանում ամենաերկարակյաց ռեկտորն է, ով պաշտոնավարում է 14 տարի: Թե ինչպես են անցել ռեկտորի ընթացիկ ընտրությունները, ինչպես է պատահել, որ նա միշտ իր համար հաղթանակ է ապահովել, դժվար չէ հասկանալ: 1998-2004 թվականներին լինելով ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ` բնականաբար, կարողացել է սերտ կապեր պահպանել Ռոբերտ Քոչարյանի հետ, կատարել այն բոլոր հանձնարարությունները, որոնք տրվում էին այդ մեռելածին հանձնաժողովին: 1998-ից դարձել է նաեւ Եվրախորհրդի լեզվական հարցերի հանձնաժողովի ազգային համակարգող: 2001-ից էլ Եվրախորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կառավարող մարմնի անդամ է, 2003թ.-ից` նաեւ Եվրախորհրդի փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների խարտիայի ԵԽ փորձագետների կոմիտեի անդամ: Այսինքն` հաճախակի գործուղումներ, պետական ֆինանսական աջակցություն, իսկ իրականում ոչ մի գործ, ոչ մի նախաձեռնություն, մանավանդ որ իր այդ կարեւոր պարտականությունները թողած` Զոլյանը հանդես է գալիս որպես քաղաքագետ եւ զբաղվում իբր քաղաքական վերլուծություններով ու մեկնաբանություններով: Այդ ամենին զուգահեռ` 2010 թվականից էլ ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում էլ Զոլյանին «գորշ կարդինալ» են կոչում` կարդինալ Ռիշելյե կամ էլ նրան համեմատում ստալինյան սպասարկու Բերիայի հետ: Համալսարանում փսփսում են կաշառակերության օրավուր ահագնացող աճի, կաշառքով դասախոսական տեղեր զբաղեցնելու, մի շարք այլ մութ գործարքների մասին: Նույնիսկ վերջերս բուհի դասախոսներից մեկը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հղած նամակում գրել էր. «Ցավով ուզում եմ խոսել այն հաստատության մասին, որտեղ ես աշխատում եմ, եւ որը փլուզվում ու կերպարանափոխվում է մեր եւ Ձեր աչքերի առջեւ: Տեղյակ  եք  արդյո՞ք  այս  ուսումնական  հաստատության  քաղաքականությանը,  այնտեղ  կատարված եւ կատարվելիք  փոփոխություններին:  Բացի  նախարար  լինելը, Դուք էլ քաղաքի  բնակիչ  եք եւ երեւի  լսում  եք,  որ Բրյուսովի  համալսարանի  երբեմնի  փայլը  խամրել  է,  հեղինակությունն  ընկել է, լավագույն մասնագետները կա՛մ ազատվել  են աշխատանքից, կա՛մ ինքնակամ հեռացել  են եւ հաճnւյքով շարունակում են իրենց ազգանվեր գործն այլ բարձրագույն  հաստատություններում: Մեր համալսարանը քանդվում  է, ցավով եմ ասում «մեր», որովհետեւ երբեմնի մեր համալսարանից մնացել է միայն  անունը: Ինչո՞ւ մի օր չեք անհանգստանում  ու չեք գալիս` մեր հոգսը  կիսելու:  Չնայած  միամիտ  բաներ  եմ  ասում: Ձեզ հետ  ոչ ոք ոչնչից չի   խոսի,  որովհետեւ  մեզ  մոտ  տիրում  է  վախի  մթնոլորտ, զարգացած է լրտեսությունը,  չնայած այդպիսի ֆակուլտետ չունենք: Տիրում  է «ես»-ի  պաշտամունքը, բոլորը խոնարհվում  են «մեծն» Ս.Զոլյանին եւ կատարում  նրա  անհեթեթ, անմիտ եւ աննպատակ հրահանգները»: Այս նամակը, սակայն, անպատասխան մնաց, որովհետեւ Զոլյանին չմոտենալու հրահանգը «վերեւից» է տրված…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս