ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՖԻԳԱՐՈՅԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար «Ֆիգարո» ամսագրին, որը օրեր առաջ հրապարակվել է ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային տարբերակներով: Ամբողջական նյութը ներկայացվում է ստորեւ.

 

Նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։ Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ հայրենիքից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը կոչ է անում ճնշում գործադրել նախագահ Ալիեւի ռեժիմի վրա, որը, նրա խոսքերով, հայերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։

Նրա դեմքը տառապանքների հետքեր է կրում, սակայն ձայնը վճռական է։ Սեպտեմբերի 19-ին Արտակ Բեգլարյանը, իր հայրենակից Գեղամ Ստեփանյանի հետ, Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) բողոք է ներկայացրել։ Նրանց ակնկալիքն է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կսկսվի։ «Սա ցեղասպանություն է։ Միայն քաղաքական գործիչներն են խուսափում օգտագործել այս բառը։ Վստահ եմ, որ մի օր այն միջազգային հանրության կողմից կճանաչվի»։

Ժամանակը պատահական չէ ընտրված. նոյեմբերի 11-ին Բաքվում կբացվի COP29-ը՝ կլիմայի վերաբերյալ մեծ միջազգային գագաթնաժողովը։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ առնվազն 23 հայ գերի դեռեւս պահվում են նախագահ Ալիեւի ռեժիմի կողմից։ «Իրականում բազմաթիվ հիմքեր կան պնդելու, որ գերիների թիվը մոտ է 100-ի։ Մեծ մասի դեպքում նույնիսկ չգիտենք, թե արդյոք նրանք ողջ են»։

Արտակ Բեգլարյանը շատ զրկանքների է առերեսվել։ Ծնվելով 1988 թվականին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, նա հիշում է մանկության բանաստեղծությունները, երգերն ու մեղեդիները։ Նա լոկ չորս տարեկան էր, երբ հայրը զոհվեց ճակատում՝ ադրբեջանցի զինվորների կողմից։ Երկու տարի անց՝ ընկերների հետ բակում խաղալու ընթացքում, ականի պայթյունը նրան կուրացրեց։ 16 տարեկանում մայրը մահացավ սրտի կաթվածից՝ թողնելով տղային ամբողջովին միայնակ։

Չնայած այդ ամենին՝ նրան հաջողվեց սովորել Երեւանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, իսկ հետո՝ հեղինակավոր Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ նրան առաջարկեցին մնալ։ «Բայց ես վերադարձա հայրենիք՝ իմ ժողովրդին ծառայելու համար։ Դա իմ կյանքի առաքելությունն է, որն ինձ հետ բերեց տուն»։ Նա դարձավ Մարդու իրավունքների պաշտպան, ապա նախագահի աշխատակազմի ղեկավար եւ պետական նախարար։

2022 թվականի դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեկնարկով, կյանքն այնտեղ աստիճանաբար անտանելի դարձավ։ Կենսական ապրանքները պակասեցին՝ ձեթ, հացահատիկ եւ այլն: «Մի քանի շաբաթ շարունակ ես ու կինս հաց չէինք ուտում, որպեսզի կարողանայինք այն տալ մեր երկու դուստրերին»։ 2023 թվականի սկզբին Հայաստանից էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը խափանվեց Ադրբեջանի կողմից: «Ձմռանը մենք էլեկտրաէներգիա ունեինք օրական միայն 12-16 ժամով։ Մարդիկ ջեռուցում չունեին, եւ դպրոցները ժամանակավորապես փակվեցին։ Նույնիսկ ջրի մատակարարումը խնդիր դարձավ»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը վերջնականապես ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ, նա իմացավ, որ ադրբեջանական զինվորները իրեն էլ էին փնտրում։ Բեգլարյանը որոշեց փախչել իր ընտանիքի հետ։ «Մոտ 27 ժամ պահանջվեց՝ շուրջ 50 կիլոմետր անցնելու համար մինչեւ Հայաստանի սահմանը։ Ես նույնիսկ մեքենայից դուրս չեկա. Հարազատներս վախենում էին, որ ինձ կձերբակալեն կամ կսպանեն»։

Այսօր Արտակ Բեգլարյանը փախստական է՝ բարեկամների մոտ՝ Երեւանում։ «Ես մասնակի աշխատանք ունեմ՝ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Մնացած ժամանակ ես ակտիվորեն շարունակում եմ ջատագովել իմ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար»։

COP29-ի նախաշեմին նա կոչ է անում Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդների ազատման օգտին։ Նա նաեւ ցանկանում է, որ Էմանուել Մակրոնը եւ Ֆրանսիայի կառավարությունը աջակցեն իրենց բողոքին Միջազգային քրեական դատարանում։ Ֆրանսիացի երկու փաստաբանների՝ Կատալինա դե լա Սոտայի եւ Ֆրանսուա Զիմերեյի կողմից ներկայացված այս բողոքը շատ քիչ հնարավորություն ունի հաջողելու, եթե չի ստանում Հռոմի Ստատուտը վավերացրած եւ ՄՔԴ իրավազորությունը ճանաչող պետություններից գոնե մեկի աջակցությունը։ Նա հույս ունի նաեւ, որ միջազգային հանրությունը խիստ պատժամիջոցներ կկիրառի այդ հանցագործությունների հեղինակների նկատմամբ։ «Երբ քաղաքական աջակցությունն ամփոփվում է գեղեցիկ խոսքերով եւ կարեկցանքով, դա իրական աջակցություն չէ։ Դիկտատորները, հատկապես ցեղասպանությունների հեղինակները, անտեսում են հայտարարություններն ու խոսքերը»։

Չնայած իր ապրած կյանքին՝ նախկին պետական նախարարը շարունակում է  մեծ հույսեր ունենալ. «Ես շատ եմ տառապել մանկությունից ի վեր, սակայն միշտ կարողացել եմ հաղթահարել այդ դժվարությունները։ Եթե մենք համատեղենք մեր ջանքերը, ես հավատում եմ, որ մի օր հնարավոր կլինի հասնել խաղաղության եւ արդարության՝ ոչ միայն իմ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության համար»։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՍՏԱԿ ՈՒՂԵՐՁ ԷՐ»

«Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

 

Մենք բոլորս գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին հակասում է միջազգային նորմերին եւ չափանիշներին, եւ մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում։ Սա գործողության կոչ է, որին պետք է արձագանքենք»,- The Armenian Report-ին ասել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Նա նշել է, որ իր հայրը մեկ տարի ապրել է Արցախի ժողովրդի հետ, կարճ ժամանակով՝ երեք ամիս, զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը։ Նրա աշխատանքը, սակայն, հիմնականում կենտրոնացած է եղել հումանիտար խնդիրների եւ կրթական ծրագրերի վրա. «Վերջին ութ ամիսներին նա պարզապես տեղացի էր, որը, չնայած ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում էր իրականացրել մարդասիրական եւ բարեգործական բազմաթիվ ծրագրեր»։

«Ես անհանգստանում եմ հորս համար, բայց նաեւ անհանգստանում եմ բոլոր այն հայերի համար, որոնք պահվում են Բաքվում։ Կարծում եմ, որ հորս՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդու ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր, որը հղվեց ողջ հայ ժողովրդին, այն է՝ ոչ մի հայ անվտանգ չէ, եւ նման բան կարող է պատահել բոլորի հետ», -նշել է Դավիթ Վարդանյանը։

 

 




Լրահոս