Ինչպես կանցկացվի ապրանքների հայտարարագրերի սպասարկումը Երևանի մաքսային սպասարկման սրահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային բարեփոխումների շրջանակում 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ 2025 թվականի հունվարի 18-ից Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010)  ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հեռավար եղանակով։

Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա  էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:

Կոմիտեից հիշեցնում են, որ դեռևս 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով  ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն արդեն իսկ իրականացվում է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով Կոմիտեն հայտարարատուներին հորդորում է՝ նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի հունվար ամսվա ավարտը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգին անցում կկատարեն նաև  Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, ինչի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:




Լրահոս