3 ամիս հետաձգվելուց հետո վերջապես այսօր՝ հունվարի 21-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակը, ներառյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ շեշտադրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպումը նպատակ ունի նպաստել Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Միրզոյանը Լավրովին հրավիրել է Երևան, իսկ նա հայտնել է, որ կօգտվի հրավերից։
ՌԴ ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ մշակվում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան: Մոսկվան հույս ունի, որ կկարողանա այդ այցին համապատասխանեցնել հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը։
Երկու նախարարների հանդիպմանը քննարկվել է նաև հյուպատոսական ներկայության ընդլայնումը, մասնավորապես Սյունիքի մարզում: Անդրադարձ է եղել Երևանում Ռուսաստանի դեսպանությանը կից դպրոցի կառուցմանը։
Կողմերը պայմանավորվել են պատրաստել երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան