
Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական ժամանակատահված այդ պատասխանատվությունը ստանձնած Րաֆֆի Համբարյանին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Անդրադառնալով իր նոր պատասխանատվությանը՝ Աղջայանը, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը հայ ժողովրդի համար այսքան կարևոր ժամանակահատվածում: Մեր աշխատանքն առավել քան երբևէ կենսական է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արցախահայության իրավունքների, պայքարում ենք Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միշտ եղել է ամերիկահայության ամենաարդյունավետ ձայնը ԱՄՆ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, և ես անհամբեր սպասում եմ աշխատելու մեր տեղական մասնաճյուղերի, համայնքային ակտիվիստների և նվիրված ղեկավար թիմի հետ՝ ընդլայնելու մեր ազդեցությունը և առաջ մղելու մեր ընդհանուր գործը»:
Նշվեց՝ Աղջայանը հաջորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նվիրումով և ռազմավարական տեսլականով ղեկավարած Րաֆֆի Համբարյանին։ Նրա ղեկավարությամբ Հայ դատի հանձնախումբն ընդլայնել է իր ազդեցությունը թե Կապիտոլիումի բլրի, թե գործադիր իշխանության վրա, ստեղծել կոալիցիոն բազմաթիվ հարթակներ նաև ոչ հայկական համայնքային կազմակերպությունների հետ: Ծավալած աշխատանքի արդյունքում աննախադեպ ձևով մեծացավ Հայ դատի հանձնախմբի ներգրավվածությունը մի շարք գործընթացներում, Կոնգրեսի երկու պալատներում ուժեղացավ հայկական հարցերի վերաբերյալ երկկուսակցական օժանդակությունը:
Համբարյանի բազմաթիվ հաջողությունների թվում է Հայ դատի երիտասարդական ծրագրերի աննախընթաց ընդլայնումը թե Վաշինգտոնում, թե ողջ երկրում, երիտասարդների քաղաքական ակտիվացումն ու տարբեր ոլորտներում նրանց ներգրավվածության մեծացումը, համայնքային ղեկավար հանգամանքներ զբաղեցնող նոր երիտասարդ սերնդի դաստիարակությունը։
Ողջունելով Աղջայանի կողմից այս պատասխանատվությանբ ստանձնումը՝ Րաֆֆի Համբարյանը նշել է. «Հայ դատի հանձնախմբի նախագահ ծառայելն իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է եղել։ Մեր աշխատանքը միայն քաղաքականությունը չէ, այն հայ ժողովրդի գոյատևման և արժանապատվության աշխատանք է: Ջորջն իր կյանքով մեկ Հայ դատի պաշտպան է՝ մեր գործին խորը նվիրվածությամբ, և ես գիտեմ, որ նա առաջնորդելու է եռանդուն նպատակասլացությամբ և հաստատակամությամբ»: