Մեկնարկել է «Հետք»-ն ընդդեմ «Առաջին լրատվական»-ի գործով դատական նիստը. Panorama.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Հետք»-ն ընդդեմ «Առաջին լրատվական»-ի գործով դատական նիստը: Այսօր նախնական դատական նիստ էր նշանակված, սակայն պատասխանող կողմը չէր ներկայացել նիստին, թեպետ ինչպես դատավոր Ալեքսեյ Սուքոյանն է հայտարարել, նրանք պատշաճ կերպով ծանուցվել են:

Հայցվորը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն է և «Առաջին լրատվական»-ից պահանջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, հեռացնել նյութերը կայքից և որպես փոխհատուցում վճարել 200 հազար դրամ: Ի դեպ, սա «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում լրատվամիջոցների վերաբերյալ փոփոխությունից հետո առաջին դատական գործն է:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Գրիշա Բալասանյանը այսօր  դատարանում դիմում է ներկայացրել` խնդրելով  փոխել հայցի հիմքը և առարկան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հունվարին, երբ ներկայացրել էին առաջին հայցը, պահանջը վերաբերում էր «Հետք»-ի երկու հրապարակումներին: Սակայն հետագայում մինչև նախնական դատական նիստը, «Առաջին լրատվականի» « blog.1in.am »-ը մի քանի հեղինակային հրապարակումներ է արտատպել «hetq.am» կայքէջից` առանց պատշաճ հղման: Այժմ արդեն հայցվոր կողմի պահանջը ընդհանուր առմամբ վերաբերում է 8 հրապարակումներին:

«Քանի որ նրանք Hetq.am-ից բազմիցս հրապարակումներ էր վերցնում, սոցիալական ցանցերով, տարբեր մեկնաբանություններում նրանց խնդրել ենք հղում ավելացնել, սակայն որևէ արձագանք չեն տվել: Դրանից հետո էլ չենք զգուշացրել, քանի որ անիմաստ է զգուշացնել մի բանի մասին, որը չեն անում: Նյութեր կան, որ ամբողջությամբ են վերցրել, նյութեր կան, որ մի պարբերություն ընդամենը չեն վերցրել, նյութեր կան, որ վերնագրում բացակայել է դոմեյնի անունը», -մեզ հետ զրույցում ասաց Գրիշա Բալասանյանը:

Նա հստակեցրեց, որ իրենք նպատակ չունեն ֆինանսապես ճնշել մյուս լրատվամիջոցին:

«Մենք ուղղակի պահանջում ենք հարգել իրենց գործընկերների աշխատանքը ու եթե նյութ են վերցնում, գոնե պահպանեն օրենքի պահանջները», -հավելեց փաստաբանը:

Նկատենք, որ նույն պահանջով «Հետք»-ը (հայցվոր` «Հետաքննող լրագրողներ» հկ) դատարան է դիմել նաև «pressident.am» կայքի դեմ: Այս դեպքում պատասխանող կողմը «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ն է: Այս գործով դատական առաջին նիստը կկայանա հունիսին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ:




Լրահոս