Ովքե՞ր են հայ հեթանոս պաշտոնյաները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեր Եսայի քահանա Արթենյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` եկեղեցին ի դեմս հեթանոսական հավատքի կրողների որևէ մտավախություն ունի, հատկապես եթե ունեցել ենք հայտնի քաղաքական գործիչներ, օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանն ու Աշոտ Նավասարդյանը եղել են հեթանոսական-արիական հավատքի կրող և այդ մասին բարձրաձայնել են:

Տեր Եսայի քահանան ասաց, որ չի կարծում, թե Անդրանիկ Մարգարյանը կրոնական առումով հարել է ամբողջությամբ հեթանոսությանը:

«Ես գիտեմ, որ ինքը եկեղեցում մկրտված է եղել, ինքը եկեղեցական արարողություններին մասնակցել է: Եթե մարդն իրոք եղել է  հեթանոս ՝  նա պետք է հեթանոսական ծեսերով իր հոգևոր կյանքը կառուցի: Հեթանոսները կամ արևորդիները Նժդեհի գաղափարներն են մատնանշում, հայրենասիրության մասին խոսում այն դեպքում, երբ եկեղեցին միշտ դրա կրողն է եղել, բացի այդ` Նժդեհը հեթանոս չի եղել»,- ասաց քահանան:

Ի՞նչն է պատճառը, որ մեր պաշտոնյաները կամ հայտնի դեմքերը չեն բարձրաձայնում իրենց հեթանոս լինելու մասին, միգուցե կաթողիկոսի քննադատությանը կարժանանան, քահանան դա համարեց միամիտ ու ոչ ճիշտ կարծիք:

«Դա արդարանալու անհաջող ձև է»,- ասաց  մեր զրուցակիցը:

Armlur.am լրատվականը զրուցեց նաև «Արևորդիների ուխտ» մեհենական խորհրդի նախագահ, քուրմ Գագիկ Հայրապետյանի հետ: Վերջինս ասաց, որ  իրենց ուխտում կան արևորդի պաշտոնյաներ, բիզնեսմեններ, բայց հրաժարվեց անուններ տալ:

«Արևորդի ասելով` պետք չէ միայն կնունքը հասկանալ, այլ նաև ապրած կյանքը: Ինձ համար այն հայը, որ ազնիվ է  ու հայրենասեր, նա ինձ համար արևորդի է»,- ասաց քուրմը:

Նա չհերքեց այն տեղեկատվությունը, թե կան արևորդի պաշտոնյաներ, որոնք չեն բարձրաձայնում այդ մասին, քանի որ  հավանաբար վախենում են, որ իրենց կրոնական պատկանելիության համար կարիերա չեն կարող ստեղծել:

«Մի մոռացեք, որ մենք կրոնական երկրում ենք ապրում: Մեր հանդեպ կա անգամ լրատվական շրջափակում` չեն լուսաբանում և խոսքի իրավունք չեն տալիս»,- անկեղծացավ մեր զրուցակիցը` հավելելով, որ իրենց հասած տեղեկատվությունների համաձայն` եկեղեցու կողմից  իրենց արևորդի համարողները հալածվել են:

Գագիկ Հայրապետյանը հիշեցրեց  ժամանակին Անդրանիկ Մարգարյանի հասցեին հնչեցված այն հայտարարությունը, թե երնեկ էն օրը, որ մենք քրիստոնյա վարչապետ կունենանք:

«301-ից հետո մի տեսակ վրդովմունք կա մեր նկատմամբ ՝ փոխանակ մենք վրդովվենք»,- եզրափակեց «Արևորդիների ուխտ» մեհենական  խորհրդի նախագահը:

Սոնա Դավթյան




Լրահոս