Կբարձրացվեն աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-ում ծխախոտագործության ոլորտում կբարձրացվեն աշխատավարձերը: Այս մասին, ապրիլի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նոր շեն եւ Բերդաշեն գյուղեր այցելության ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վազգենաշենի համայնքապետը ներկայացրել է, որ նախորդ տարի բարեկարգվել եւ լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել են գյուղապետարանի եւ բուժկետի շենքերը: Խնդիրներից նա առանձնացրել է խմելու եւ ոռոգման ջրի սղությունը: Վարչապետն առաջարկել է կառավարության աջակցությամբ եւ տեղի ուժերով խմելու ջրի նոր ցանց կառուցել: Ոռոգման ջրի խնդրի լուծման համար նա խոստացել է աջակցել արտեզյան հորեր փորել դաշտերում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքում՝ նաեւ պոմպակայաններ տեղադրել:

Կառավարության ղեկավարը կարեւորել է ծխախոտագործության դերը նոր աշխատատեղեր ստեղծելու գործում եւ կոչ արել ներկաներին օգտվել այդ տարածքում «Մասիս տոբակո» ընկերության ընձեռած հնարավորություններից եւ զբաղվել ծխախոտագործությամբ:

Նոր շենի համայնքապետը, ի թիվս այլ աշխատանքների, առանձնացրել է հանդիսությունների սրահի, ակումբի եւ եկեղեցու նորոգման, ինչպես նաեւ ճանապարհների խճապատման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքում է:

Կառավարության ղեկավարը շեշտադրել է, որ գյուղացին սոցիալական լավ պայմաններ է ունենալու, եթե ունենա եկամտի երաշխավորված աղբյուր: Իսկ վերջինս հնարավոր է գրագետ եւ սրտացավ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում:

Բերդաշենի համայնքապետը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը եւ համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը:

Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ կառավարությունը պլանավորում է այդ տարածքում զարկ տալ ծխախոտագործությանը, ինչը ստեղծելու է զգալի քանակի նոր աշխատատեղեր:

Հանդիպումից հետո ծխախոտագործների եւ «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին լուծել ծխախոտի դաշտերի ոռոգման խնդիրը: Նա տեղեկացրել է, որ գործարանի ներկայացուցիչների հետ կառավարությունը համաձայնության է եկել ողջ հանրապետությունում բարձրացնել այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը, ինչը սոցիալական շոշափելի նշանակություն կունենա: «Մասիս տոբակո»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Արցախում ծխախոտի մշակման ամենամեծ ծավալը Բերդաշենում է՝ հավելելով, որ այս տարի այն կհասնի շուրջ 150 հեկտարի:




Լրահոս