ՇԱՏ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ, ՔԻՉ` ՏԱՔԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս բնակիչները սկսել են շատ բողոքոել գազի ջերմատվությունից` նշելով, որ այն առաջվանը չէ: Մարդիկ ավելի երկար ժամանակ են գազ վառում, որպեսզի արդյունքի հասնեն:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` Հայաստանում մատակարարվող գազի որակն իսկապե՞ս  համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքս մասնագետ չեմ, ուստի զերծ կմնամ գնահատական տալուց: Իսկ որպես  քաղաքացի` պետք է նշեմ, որ մեր տարածքում գազի մատակարարման որակը բավականին լավ է: Միգուցե չլինելով մասնագետ` ինձ այդպես է թվում, բայց պետք է նշեմ, որ գազի մատակարարման որակը պետք է պատշաճ լինի:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես գազի որակավորման մասնագետ չեմ, որ խոսեմ գազի որակի մասին, այդ պատճառով էլ կդժվարանամ որեւէ բան ասել: Իսկ որպես քաղաքացի՝ կարող եմ փաստել մի բան,  որ մենք` քաղաքացիներս, սպառված գազի համար ավելի շատ ենք գումար վճարում, սակայն չենք սպառում որակյալ գազ:

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ անցած տարի եւս այս խնդիրն առաջացավ, ես դիմեցի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին` տեղեկացնելով խնդրի մասին: Սակայն վերջինս հավաստիացրեց, որ գազի որակի հետ ամեն ինչ կարգին է: Պետք է ցավով նշեմ, որ մենք այսօր չունենք համապատասխան անկախ փորձագիտական  մարմիններ, որոնք կկարողանան իսկապես ստուգել գազի որակը: Եւ քանի որ մասնագետ չեմ, չեմ կարողանում ինձ դիմած քաղաքացիներին տալ սպառիչ պատասխան: Փաստ է միայն մի բան, որ մենք  ծախսած գազի համար վճարում ենք ավելի շատ, քան տաքանում ենք:
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ եթե լինեմ, պետք է նշեմ, որ այս պահին  ձեռքիս տակ չունեմ գազի որակավորման փորձաքննության մանրամասն արդյունքները, բայց պետք է ասեմ, որ որպես քաղաքացի` ես գազի որակից չեմ բողոքում: Նույնիսկ կարող եմ  մի բան ասել, որ անցած տարի մենք փորձեցինք ճշտել գազի որակը, եւ  մասնագետները նշեցին, որ այն իսկապես նորմալ վիճակում  է, հակառակ դեպքում կմտնի ռեակցիայի մեջ, եւ տեղի կունենա պայթյուն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ ինքս գազի որակավորման փորձաքննության արդյունքների մասին չունեմ համապատասխան տեղեկություն, որ որեւէ բան ասեմ, բայց որպես քաղաքացի՝ պետք է նշեմ, որ չեմ նկատել` վերջին շրջանում գազի որակի վատթարացում լինի: Կարծում եմ, որ եթե որեւէ ապրանք է ներմուծվում, այն պետք է համապատասխանի  պահանջվող բոլոր չափորոշիչներին:  

 ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
ՍԴՀԿ վարչության անդամ
 Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս