Կովկասյան կոռումպացված կլանների հետ Պուտինի գործարքը կփլուզվի. Նեմցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Վլադիմիր Պուտինը իրականում անհանգստացած լիներ Ուկաինայում ռուսների ճակատագրով, ապա առաջին հերթին նա պետք է բարելավեր իր սեփական երկրի ժողովրդի կյանքը: «Ամերիկայի ձայնի»-ն տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ժողովրդական ազատություն» կուսակցության և «Համերաշխություն» շարժման ղեկավար Բորիս Նեմցովը:

Նրա խոսքով, Պուտինի համար միշտ գլխավոր նպատակը եղել և մնում է իշխանությունը, և այդ նպատակով է նա առաջնորդվում նաև Ուկրաինայում:

«Ակնհայտ է, որ ռուսների շահերին հոգ տանելու մասին խոսակցությունները, առաջին հերթին, կեղծ են, քանի որ ռուսներին ոչ ոք չի հալածում ո՛չ Ղրիմում, ո՛չ էլ Արևելյան Ուկրաինայում», – հայտարարել է նա:

Ըստ նրա, ռուսների մասին մտածելով, նախագահն առաջին հերթին պետք է որ մտահոգվեր նրանց կյանքի պաշտպանությամբ:

«Թե չէ մեզ մոտ կյանքի տևողությունն ինչպես Աֆրիկայում է», – նշել է Նեմցովը:

Բացի այդ, Պուտինը, ըստ Նեմցովի, պետք է մտածեր, թե ինչպե՞ս իր երկրում զարգացներ կրթությունը, գիտությունը, մշակույթը և այլն:

«Իսկ նա լկտիաբար շահագործում է կարոտախտը Խորհրդային Միության հանդեպ, և համարում, որ Ուկրաինայի դեմ բռնությունը իր կողքը կմիավորի կայսրական տրամադրություններ ունեցող վիրավորված քաղաքացիների, ովքեր իրենց պարտված են զգում «սառը պատերազմում»:

Անդրադառնալով Պուտինի վարած քաղաքականության հետևանքներին, Նեմցովը նշել է, որ երկիրը ստիպված կլինի մեծ փողեր ծախսել սպառազինության վրա:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի շուրջ այժմ միայն թշնամիներ են: Նույնիսկ խաղաղ չինացիները Հեռավոր Արևելքի հանդեպ հավակնություններ ունեն: Նա (Պուտինը) փաստորեն զրկեց Ռուսաստանին վերջին դաշնակիցներից: Անգամ Բելառուսը, Ղազախստանն ու Ադրբեջանն են հիմա զգուշավոր վերաբերում պուտինյան Ռուսաստանին», – նշել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Նեմցովը մտավախություն է հայտնել, որ այս քաղաքականությունը կարող է բերել երկրի փլուզմանը: Երբ նավթի գներն ընկնեն, ինչն, ըստ նրա անխուսափելի է, կպարզվի, որ պետությունը պահելու համար գումար չկա:

«Կովկասյան կոռումպացված կլանների հետ Պուտինի գործարքը կփլուզվի: Քանի որ այդ գործարքը խարսխված է հետևյալ բանաձևի վրա. Ես ձեզ` իմ փողերը, դուք ինձ` համերաշխություն: Եվ այն, որ նրանք այժմ աջակցում են Ուկրաինայի անջատողականներին, շատ ծանր կանդրառնա Ռուսաստանի վրա, որովհետև նա մեծ թվով սեփական անջատողականներ ունի` և՛ Կովկասում, և՛ Թաթարստանում, և՛ Սիբիրում», – հայտարարել է Նեմցովը:




Լրահոս