ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցում են Եվրոպական խորհրդարանի, Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորներ, դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նստաշրջանի պաշտոնական բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
Այնուհետեւ ողջույնի խոսքով Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից ներկաներին ողջունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Պարո՛ն նախագահ, Ձեր հյուրընկալությունն ու հանձնառությունը վկայում են այն մասին, որ մեծ կարեւորություն եք տալիս եվրոպական երկխոսությանն ու համագործակցությանը»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ավելին է, քան պարզապես երկխոսության հարթակ: «Այն վառ օրինակն է մեր հավաքական քաղաքական կամքի: Սա հնարավորություն եւ հարթակ է, որտեղ Եվրամիությունն ու գործընկերներն Արեւելյան Եվրոպայում կարող են համատեղ ստեղծել իրենց ընդհանուր ապագան, որը հիմնված կլինի խաղաղության, ժողովրդավարության, բարգավաճման եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա»,- նշել է Յունուս Օմարջին: Ըստ նրա՝ Եվրոպական խորհրդարանն աջակցում է Արեւելյան գործընկերների ջանքերին՝ կերտելու ավելի ուժեղ, ժողովրդավարական եւ ապահով հասարակություններ:
Զեկուցողը ողջունել եւ կարեւորել է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությանն ուղղված ջանքերը: Նշվել է, որ Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցելու այդ գործընթացին:
Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկին անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ խաղաղությունը եւ խաղաղության համաձայնագիրը որակելով պատմական ձեռքբերում: Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ եվրոպական դիրքորոշմանը՝ նա շեշտել է. «Մենք միաձայն եւ հանձնառու աջակցում ենք այս գործընթացին»: ԽՎ համանախագահը հավելել է. «Այստեղ՝ Երեւանում, ես միայն վստահության շունչ եմ զգում, ես միայն լավ տրամադրության, նորարարական գաղափարների շունչ եմ զգում, զգում եմ խիզախության եւ համագործակցության շունչ ու համատեղ ճակատագրի: Սրա մասին է Եվրանեսթը՝ վերականգնվող ապագայի, եւ ժամանակն է գործել համատեղ ուժերով»:
Նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար, խոսել մեր երկրի ժողովրդավարական ձգտումների մասին ու ընդգծել. «Մենք վստահում ենք ձեր ժողովրդավարությանը, մենք վստահում ենք ձեր երկրին ու ձեր կառավարությանը»:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Oդրոնե Պերկաուսկիենեն ելույթ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի անունից:
Այնուհետեւ ելույթ ունեցողները պատմական քայլ են համարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հռչակագրի ստորագրումը: Դա տարածաշրջանը մոտեցրել է կայունության եւ երկարաժամկետ խաղաղության: Վերջիններս նշել են, որ աջակցում են կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նշվել է, որ Հայաստանն իր արժեքային համակարգով ավելի է մոտենում Եվրոպային: Կարծիք է հնչել, որ 2027 թվականին Արեւելյան գործընկերության քաղաքականությունը պետք է շարունակի առաջնահերթություն դիտարկել անվտանգության բաղադրիչը՝ բարձրացնելով դիմակայունությունն ապատեղեկատվության տարածման հարցում: Անդրադարձ է եղել նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքներին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ժողովրդավարական ինստիտուտների, արեւելյան գործընկերության երկրների արդյունավետ համագործակցության կարեւորությանը: Զեկուցողները ողջունել են այն փաստը, որ Հայաստանն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքը:





























