Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Wildberries»-ում լուրջ խնդիրներ են առաջացել․ ի՞նչ է հորդորում նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից գործող մի շարք վաճառողներ ահազանգում են, որ ռուսական Wildberries հարթակում իրենց գործունեությունը կտրուկ դադարեցվել է՝ առաջացնելով անորոշություն բիզնեսի համար։

Wildberries ընկերությունը, իր հերթին, տարածած պաշտոնական հաղորդագրությամբ նշել է, որ ստեղծված իրավիճակը կապված է Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպումների փոփոխությունների հետ։ Ընկերության տվյալներով՝ ապրիլի 20-ից ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց շրջանակում որոշ ապրանքների համար սահմանվել են լրացուցիչ վերահսկողական ընթացակարգեր և պահանջվում են հավելյալ փաստաթղթեր։

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական կապի մեջ, կազմակերպել է հանդիպում ավելի քան 50 հայ վաճառողների հետ և քննարկում է առաջացած խնդիրների հնարավոր լուծումները։

Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանի պահեստներում արդեն առկա ապրանքների վաճառքը շարունակվում է բնականոն ռեժիմով, իսկ վաճառողները կարող են շարունակել գործել Հայաստանի ներքին շուկայում։

Մինչդեռ անհատ ձեռնարկատեր Շուշանե Մկրտչյանը սոցիալական ցանցերում գրել է, որ հարթակը «անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները»՝ առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով՝ բազմաթիվ վաճառողներ հայտնվել են բարդ իրավիճակում, քանի որ Wildberries-ը կարևոր հարթակ էր հատկապես փոքր բիզնեսների համար՝ արտահանման և վաճառքների ընդլայնման տեսանկյունից։

Մկրտչյանը նաև նշել է, որ նման պայմաններում փոքր բիզնեսը պետական աջակցության կարիք ունի՝ ընդգծելով, որ մարկետփլեյսները ոչ միայն վաճառքի, այլև բիզնեսի զարգացման կարևոր գործիք են։

Ստեղծված իրավիճակը շարունակում է զարգանալ, և պարզ չէ, թե երբ և ինչ ձևաչափով կվերականգնվեն վաճառքները Հայաստանից դեպի ռուսական հարթակներ։

Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ի պատասխան լրագրողների հարցին, նշել է, որ առաջարկում է բոլոր հարցերին սառնասրտությամբ վերաբերվել։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութույ․ 




Լրահոս