ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քվեարկության էր դրվել մի քանի պատգամավորների ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքի նախագիծն ընդունելու հարցը:

Վարման կարգով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, թե ՀՅԴ-ն չի մասնակցի քվեարկությանը: Նույնը նշեցին նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Արդեն ընդդիմություն դարձած ՕԵԿ-ի ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե իրենք նույնպես չեն մասնակցի քվեարկությանը` հաշվի առնելով օրենքի հետ կապված իրենց մտահոգությունները: Նույն կարծիքին էր նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ով նաև նշված օրենքի համահեղինակներից է, հանդես եկավ խոսքով և նորից մանրամասնեց օրենքի նպատակը:

Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Հիշեցնենք, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը նախագծի հեղինակները պայմանավորում են նրանով, որ պակասել են բյուջետային մուտքերը՝ 25 միլիոն դրամից կամ 60 հազար ԱՄՆ դոլարից ավելի թանկ մեքենաների ավելի քիչ ներկրման արդյունքում։ Ուստի` առաջարկվում է վերացնել նման մեքենաների վրա դրված շքեղության հարկը, որը էականորեն ավելացնում է մեքենայի գինը:




Լրահոս