Նավթի համաշխարհային գները նվազել են այն բանից հետո, երբ Պակիստանը, որը միջնորդում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, հայտարարեց շրջանակային համաձայնագրի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ համաձայնությունը նախատեսում է նաև ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացումը։
Brent տեսակի նավթի գինը երկուշաբթի օրը նվազել է 4,3 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,55 դոլարի, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը էժանացել է 4,9 տոկոսով՝ մինչև 80,74 դոլար։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել է, որ համաձայնագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պետական հեռուստատեսության եթերում հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը վերջնականացվել է, մինչդեռ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է. «Թող նավթը հոսի»։
Սակայն Vanda Insights վերլուծական ընկերության հիմնադիր Վանդանա Հարին զգուշացրել է, որ համաձայնագրի մանրամասների բացակայությունը կարող է շուկաներում պահպանել անորոշությունը և տատանումները։
Հորմուզի նեղուցը փաստացի փակվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի տարածքին։ Այդ ընթացքում Թեհրանը սպառնացել էր թիրախավորել նեղուցով անցնող նավերը։
Հորմուզի նեղուցով սովորաբար իրականացվում է աշխարհում սպառվող նավթի և հեղուկացված բնական գազի շուրջ 20 տոկոսի փոխադրումը, ուստի դրա փակումը լուրջ ազդեցություն էր ունեցել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Պատերազմից առաջ Brent նավթի գինը կազմում էր մոտ 70 դոլար մեկ բարելի դիմաց, սակայն հակամարտության ընթացքում այն հասել էր շուրջ 120 դոլարի։
Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ նեղուցով նավթափոխադրումները չեն վերականգնվի անմիջապես։ Lipow Oil Associates խորհրդատվական ընկերության նախագահ Էնդրյու Լիպովի խոսքով՝ նախ անհրաժեշտ է ականազերծել ջրային տարածքը, ինչը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև վեց ամիս։
Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու հերթ են սպասում մեծ թվով նավթատարներ, իսկ նավթի արդյունահանման և բեռնման գործընթացների ամբողջական վերականգնումը կարող է տևել շաբաթներ։
ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Մարկ Մոնթգոմերին BBC-ին ասել է, որ իրավիճակի ամբողջական կարգավորումը մեկ օրվա հարց չէ և նորմալ աշխատանքային ռեժիմին վերադառնալու համար կարող է պահանջվել մինչև 45 օր։
Մինչդեռ ասիական ֆոնդային շուկաները դրական են արձագանքել համաձայնագրի մասին լուրերին։ Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսն աճել է 4,7 տոկոսով, իսկ Հարավային Կորեայի Kospi ինդեքսը՝ ավելի քան 5,2 տոկոսով։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ հատկապես Ասիայի երկրներն են շահագրգռված Հորմուզի նեղուցի վերաբացմամբ, քանի որ տարածաշրջանը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից ներմուծվող նավթից և հեղուկացված բնական գազից։
Հեղինակ՝ Անի Վարդանյան



























