Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ գաղտնի (կոնֆիդենցիալ) տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ (APA) գործակալությունը, այս մասին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։
Այս հնարավորությունը հասանելի կդառնա Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) հետ համագործակցությամբ ներդրվող Տեղեկատվության կառավարման էլեկտրոնային համակարգի (IDMS) և դրան կից «Առցանց հարցումների կենտրոնի» միջոցով։
Երկու երկրների քաղաքացիները կկարողանան տվյալներ փոխանցել խիստ անոնիմ պայմաններում, իսկ ստացված տեղեկություններն օգտագործվելու են բացառապես մարդասիրական նպատակներով՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի հավաստիացումների՝ տեղեկատվություն տրամադրող անձը ոչ մի պարագայում և որևէ հանգամանքում պատասխանատվության չի ենթարկվելու, իսկ համակարգի սերվերները տեղակայվելու են Ադրբեջանի տարածքում, և դրանց մուտքի իրավունք կունենան միայն հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցները։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























