Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մեկնարկեց օրենքով սահմանված ընթացակարգից շեղումներով։ ArmLur.am-ը ներկայացնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նախատեսում է, որ առաջին նիստում ողջույնի խոսքով կարող են հանդես գալ Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իններորդ գումարման խորհրդարանի մեկնարկը տեղի ունեցավ առանց Վեհափառ Հայրապետի մասնակցության, և պատգամավորները զրկվեցին հայրապետական օրհնությունից։
Թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր հրավիրվել կամ ինչու չէր մասնակցել խորհրդարանի անդրանիկ նիստին, պաշտոնապես հայտնի չէ։
ArmLur.am-ը դեռ մեկ շաբաթ առաջ գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմ՝ պարզաբանելու՝ արդյոք Վեհափառ Հայրապետին հրավեր ուղարկվե՞լ է, արդյոք նա հրաժարվե՞լ է մասնակցությունից, թե՞ առկա են այլ պատճառներ, որոնց հետևանքով խորհրդարանի առաջին նիստը կայացավ առանց նրա ներկայության։
Սակայն մինչ օրս Ազգային ժողովի աշխատակազմը չի պատասխանել ArmLur.am-ի հարցերին։ Փաստացի, պետական մարմինը շուրջ մեկ շաբաթ անպատասխան է թողել լրատվամիջոցի պաշտոնական հարցումը՝ չտրամադրելով հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն։
Հատկանշական է, որ վերջին տարիներին իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Այդ ֆոնին Վեհափառ Հայրապետի բացակայությունը խորհրդարանի առաջին նիստից և դրա վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանման բացակայությունը նոր հարցեր են առաջացնում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները այսօրվա վերջում կգնան Մայր Աթոռ՝ ստանալու Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:
Իսկ ՔՊ-ականները կմնան առանց Կաթողիկոսի օրհնության:


Սոնա Գրիգորյան




























