90 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն վայրից։
Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար, բարերար և մտավորական էր, ով երկար տարիներ մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ տարածքում և արտերկրում։
Որպես էներգետիկայի ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ նա երկար տարիներ գործուղվել ու աշխատել է արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Կուբայում և Գերմանիայում։
Վաստակավոր էներգետիկ Վիլհելմ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը տասնամյակների պատմություն ունի՝ փոքր էլեկտրակայանից մինչև «Էներգանորոգում» գործարան։
Նա երկարամյա և արդյունավետ գործունեություն է ծավալել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում՝ իր մասնագիտական գիտելիքներով, փորձով և ներդրած նշանակալի ավանդով նպաստելով ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։
Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
Վ. Կարապետյանը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, հատկապես Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, ինչի համար 2011 թվականին Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Զբաղվել է նաև գրական գործունեությամբ․ հիշարժան է 2009 թվականին լույս տեսած «Զրույց թոռների հետ» գիրքը։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և հարազատներին։

























