ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին։
Ցուցուլյանը նիստի մասնակիցներին է փոխանցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ողջույնները և ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարում առկա մարտահրավերները։ Նա հատկապես անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին։
Ոստիկանության պետը կարևորել է օպերատիվ ու վերլուծական տեղեկատվության փոխանակումը և ԱՊՀ մասնակից պետությունների ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական հանդիպումները՝ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել անօրինական միգրացիայի, անդրազգային հանցավորության ու կիբեռհանցավորության դեմ պայքարի, անձանց միջպետական հետախուզման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը հակազդելու հարցեր։ Քննարկվել է նաև տրանսպորտային միջոցների գրանցման ու գրանցումից հանման, վարորդական իրավունքի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումը։
Խորհրդի նիստից առաջ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Օրակարգային հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ։ Խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին՝ Ուզբեկստանում։




























