Երևանում մեկնարկել է Երևանի նորաձևության շաբաթ 2026-ը։ Հայաստանի նորաձևության պալատի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող միջոցառման բացումը տեղի է ունեցել Էրեբունի թանգարանի պատմական միջավայրում՝ «Հին աստվածներ» խորագրով ցուցահանդեսով։
Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, ինչպես նաև մի շարք հայտնի դեմքեր, բլոգերներ և դերասաններ։
Նախագիծը ոգեշնչված է հայ գրող Լևոն Շանթի համանուն ստեղծագործությունից և անդրադառնում է հնագույն աստվածությունների ու դրանց խորհրդանշած արժեքների արդիականությանը։
Ցուցահանդեսի շրջանակում հայ դիզայներները հնագույն աստվածների, առասպելական կերպարների և գերբնական էակների միջոցով ներկայացնում են ժամանակակից նորաձևության իրենց մեկնաբանությունները։ Գործվածքի, ձևի, վարպետության և շարժման միջոցով հնագույն խորհրդանիշները վերածվում են նորաձևության ժամանակակից կերպարների։
Նախագծի խորհրդանշական վայրի՝ Էրեբունու ընտրությունը ևս պատահական չէ․ այստեղ հնագույն քաղաքակրթության պատմությունը հանդիպում է ժամանակակից հայկական նորաձևությանը՝ ստեղծելով անցյալի և ներկայի երկխոսություն։
Նախաձեռնության գաղափարն է վերաիմաստավորել մշակութային հիշողությունը և հնագույն խորհրդանիշներին նոր կյանք տալ՝ նորաձևության լեզվով։
Լուսանկարները՝ Kamo Blog-ի։
Անի Վարդանյան


























































































