«Անկախ դիտորդը» հայտարարություն է արել․Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվում են ավագանու ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ Անկախ Դիտորդ դաշինքը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։
ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ և 137-րդ հոդվածների համաձայն՝ ընտրություններին մասնակցող թեկնածուներն ունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու և հավասար պայմաններից օգտվելու իրավունք: Վարչական ղեկավար հանդիսացող թեկնածուներին արձակուրդ չտրամադրելը կամ արձակուրդից ձեռնպահ մնալ պարտադրելն ըստ էության զրկում է նրանց քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածը երաշխավորում է ընտրական իրավունքների իրացման նպատակով նպատակային արձակուրդի իրավունքը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ հոդվածով արգելվում է ծառայողական պարտականությունների և պաշտոնեական դիրքի օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու կամ մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ ստեղծելու նպատակով:
Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը սահմանում է որպես պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։
Անկախ դիտորդի գնահատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնից ազատելու և արձակուրդ չտրամադրելու իր լիազորությունները օգտագործում է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսները։


























