Ծովագյուղի ձկնորսները Սեւանի թերակղզու վրա բողոքի ակցիա են անցկացրել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մի խումբ ձկնորսներ Սեւանի թերակղզու վրա բողոքի ակցիա են անցկացրել: Բանն այն է, որ նրանց արգելում են ձուկ որսալ: Իսկ Սեւանա լճի ափամերձ ռեստորանների տնօրեններին արգելում են ձուկ գնել: Եվ հիմա ձկնորսներն անելանելի դրության մեջ են: Տարիներ շարունակ այս մարդիկ իրենց ընտանիքը պահել են միայն ձկնորսության միջոցով: Ձկնորսները բողոքի ակցիան անցկացրել են իրենց երեխաների հետ` Ծովագյուղի գյուղապետից պահանջելով արագ խնդիրը կարգավորել կամ պահել իրենց երեխաներին: Բարձրացրած խնդիրները լսելով` Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գեւորգյանն  անմիջապես զանգել է մարզի դատախազ Արսեն Արսենյանին, ով էլ իր հերթին է գնացել եւ լսել նրանց պահանջը: Աղմուկ չբարձրացնելու նպատակով Ծովագյուղի համայնքապետը խնդրել է ձկնորսներին առժամանակ դադարեցնել ձկնորսությունը մինչեւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին խնդրի մասին զեկուցի: Ձկնորսներն էլ գյուղապետին զգուշացրել են, որ եթե խնդիրը չկարգավորվի, ապա իրենք կփակեն Երեւան-Դիլիջան ավտոմայրուղին: Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր ձկնորսությունն արգելվում է: «Ձկնորսությամբ զբաղվողներին տրվում է թույլտվություն, որն էլ տալիս է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Նրանք,  ովքեր կփորձեն օրենքը խախտելով զբաղվել ձկնորսությամբ, կպատժվեն»,-լրացրեց մարզպետը»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս