Armenian text to speach

Աթենքում քննարկվել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական համագործակցության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում նոյեմբերի 23-25-ը տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 68-րդ Գլխավոր վեհաժողովը, որին մասնակցել են Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները։

Վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ներկայացրել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Արայիկ Հարությունյանն ու Սերգեյ Բագրատյանը։

Վեհաժողովի աշխատանքները բացել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը։ Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսը, Հունաստանի պատվիրակության ղեկավար Սոֆյա Վուլտեպսին և ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը։

Վեհաժողովի քննարկման գլխավոր թեման էր զինված հակամարտությունների բազմակողմ ազդեցությունը հասարակության, տնտեսության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների վրա։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հակամարտությունների հետևանքներին, խաղաղության հաստատման և պահպանման, տարածաշրջանային տնտեսական համագործակցության ու կայուն զարգացման կարևորությանը։ Ընդունվել են նաև վեհաժողովի երեք հանձնաժողովների զեկույցները՝ կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքների, գիտության և տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում մարդկային կապիտալի պահպանման վերաբերյալ։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն իր ելույթում ընդգծել է, որ խաղաղությունը տնտեսական զարգացման նախապայման է՝ նպաստելով ներդրումների, առևտրի և տարածաշրջանային կապերի զարգացմանը։ Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին՝ նա կարևորել է դրա նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության, հարաբերությունների կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ի գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն անցկացված հանդիպումներով և ընդունված հայտարարություններով, այլև խաղաղությանն ու տնտեսական համագործակցությանն ուղղված կոնկրետ արդյունքներով։

Վեհաժողովի ավարտին նախագահությունը Հունաստանից փոխանցվել է Մոլդովային։




Մամուլի Տեսություն

Լրահոս