ՀՀԿ-ն ժլատ է, Նժդեհի արձանի համար փող չի տալիս. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է խորհրդային հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը երևանում տեղադրելու հարցը: Ինչպես հայտնի է` Երևանի ավագանու քվեարկությունը սկանդալային հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը դեմ հանդես եկավ` մատնանշելով Միկոյանի ունեցած դերակատարությունը 1937 թվի ստալինյան ռեպրեսիաների մեջ:

Ու թեև առայժմ ներկայացված փաստաթղթերում չկա կոնկրետ Միկոյանի ստորագրությունը, այլ առկա է Եժովի հեղինակած նամակը, որտեղ նա հղում անելով Միկոյանին` պահանջում է Հայաստանից ավելի մեծ թվով «ազգի դավաճանների» գնդակահարել, Միկոյանի արձանի տեղադրումը մայրաքաղաք Երևանում, մեղմ ասած, անհրաժեշտություն չէ:

Քանզի հայազգի շատ ավելի մեծ և անբիծ կենսագրություն ունեցող գործիչներ մինչ օրս ոչ միայն Երևանի սրտում/ Միկոյանի արձանը պետք է տեղադրվեր Իսահակյան-Կորյուն փողոցների միջնամասում/, այլև անգամ արվարձաններում արձաններ ունենալու բախտին չեն արժանացել:

Այդ շարքում, սակայն, ամենաարտառոցը հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի արձանի բացակայությունն է: Իսկ դա արտառոց է այն պատճառով, որ 15 տարի շարունակ երկրի իշխանության ղեկն իր ձեռքում պահող Հանրապետական կուսակցությունը Գարեգին Նժդեհին հռչակել է իր գաղափարական հայրը, և պարբերաբար օգտագործում է Նժդեհի անունը` «խիստ գաղափարական» քաղաքական ուժի տպավորություն թողնելու նպատակով:

Թե իրականում որքանով են ՀՀԿ-ականները նժդեհապաշտ, պարզ դարձավ այն բանից հետո, երբ անգամ Նժդեհի 120-ամյակին չտեղադրվեց դեռևս 100-ամյակից խոստացված արձանը: Իսկ Հայաստանի ամենահարուստ քաղաքական ուժն այս տարիներից ընթացքում ոչ մի լումա չհատկացրեց Նժդեհի մասին պատմող որևէ փաստագրական ֆիլմ նկարելու համար: /Նժդեհի մասին վիճահարույց գեղարվեստական ֆիլմն էլ նկարահանվել է բացառապես ռեժիսորի անձնական ջանքերի շնորհիվ ներգրավված ներդրողի միջոցներով/:

Եվ այս իրողության ֆոնին առավել տխուր է հատկապես ՀՀԿ նախկին առաջնորդ, խորհրդային տարիների այլախոհ Անդրանիկ Մարգարյանի որդու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը: Այդպիսով առավել տեսանելի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն այլևս վերածվել է ռուսական կոնյուկտուրային հպատակ քաղաքական ուժի, որը պատրաստ է կատարել Կրեմլից եկող ցանկացած կապրիզ: Թեև, չի բացառվում, որ այս դեպքում գործ ունենք ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություն համարող Պուտինին հաճոյանալու ինքնաբուխ ստրկամտության հետ, որը, վստահ ենք, մերժվելու է երևանցիների կողմից:

 




Լրահոս