Armenian text to speach

ԵՄ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել․ Կրեմլը հայտարարել է, որ չի զիջի իր ազգային շահերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չտրվի որևէ մեկի վերջնագրերին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը, որով Մոսկվային կոչ էր արվում համաձայնել էներգետիկ հրադադարի։

Ինչպես հայտնում է TASS գործակալությունը, Պեսկովի խոսքով՝ նման հայտարարությունները միայն ամրապնդում են Ռուսաստանի մտահոգությունները՝ կապված Եվրամիության՝ կառուցողական դիրքորոշում որդեգրելու և Ուկրաինայում խաղաղության գործընթացին նպաստելու կարողության հետ։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր օրինական մտահոգությունները՝ արդյոք եվրոպացիներն ի վիճակի են կառուցողական դիրքորոշում որդեգրել և որևէ կերպ նպաստել խաղաղության գործընթացին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ վերջնագրեր ներկայացնելով՝ Եվրամիությունը դժվար թե կարողանա իրեն ներկայացնել որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների միջնորդ կամ մասնակից։

Անդրադառնալով Մոսկվա այցելելու՝ Ռուսաստանի հրավերին եվրոպացի պաշտոնյաների արձագանքին՝ Պեսկովը նշել է, որ նրանք դժկամություն են ցուցաբերել, ինչը, նրա խոսքով, այս պահին իրավիճակն ավելի պարզ չի դարձնում։

«Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտք չէ։ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր ազգային շահերը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Մամուլի Տեսություն

Լրահոս