Արթուր Բաղդասարյանի անունից օղի, հյութ և սուրճ է բաժանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորից առաջ “”Օրինաց երկիր”” կուսակցության տարածքային գրասենյակները ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից մարզերում սննդամթերք են բաժանել: Մասնավորապես, Հրազդանում բաժանել են բնական հյութեր, իսկ Արմավիրի մարզի որոշ գյուղերում՝ տոպրակներ, որոնք մեջ եղել են 1 տուփ բնական հյութ, 2 տուփ սուրճ և 1 շիշ օղի: ՕԵԿ-ականները Արթուր Բաղդասարյանի անունից պատրաստված բնական հյութի, սուրճի և օղու ամանորի “”փաթեթներից”” մեկն էլ ուղարկել էին լրագրողիս տուն: Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ օղին «թանկանոց չի եղել», սակայն ինքը վերցրել է՝ առաջնորդվելով “”Շնից մազ պոկելն էլ օգուտ է”” ասացվածքով: Նշենք, որ նվերները տալուց առաջ քաղաքացիներից վերցրել են նրանց անձնագրային տվյալները: Շատերն արդեն պարտավորված են իրենց զգում՝ մտածելով, որ օղին խմել են և պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց քվեն տան “”Օրինաց երկիր”” կուսակցությանը: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը “”Հետքի”” հետ զրույցում ասել է, որ ՕԵԿ-ի անունից ամանորի նվերներ իրոք բաժանվել են ՕԵԿ անդամներին և համախոհներին: Հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց կուսակիցներից անձնագրային տվյալներ վերցրել, մամուլի քարտուղարը պատասխանեց, թե նման բան չի եղել: Ինչ վերաբերում է ոչ ՕԵԿ-ական ընտանիքիս անդամներին հյութ, օղի և սուրճ առաջարկելուն, Ս. Աբրահամյանը պատասխանեց, թե միգուցե նվերները, “”սիմպատիայից”” ելնելով, առաջարկել են նաև մեզ: “”Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ վատ բան կա””,- ասաց ՕԵԿ մամուլի քարտուղարը: Նա հավելեց, որ ՕԵԿ տարածքային գրասենյակները դիմել էին Երևանի կենտրոնական գրասենյակ, որպեսզի այն նվերներով ապահովի տարածքային գրասենյակներին:  




Լրահոս