ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐԻ ՆԿՈՒՂԸ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել: Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարն արդեն մի քանի օր է, ինչ իր աշխատանքը սկսել է նախարարության գրեթե բոլոր աշխատասենյակները ստուգելու գործընթացից: Ավելին՝ նախարարի ստուգումները հասել են մինչեւ նկուղային հարկ: Սա դեռ վերջը չէ։ Արմեն Մուրադյանը ստուգել է նաեւ, թե որտեղ են նախարարության աշխատակիցները կայանում իրենց մեքենաները: Հետաքրքիր է, ի՞նչ բացահայտեց իր համար Արմեն Մուրադյանը նախարարության նկուղային հարկը ստուգելով: Սպասենք զարգացումներին:

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ

Այսօր՝ ժամը 12. 00-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ է հրավիրված: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիմնականում քննարկվելու է երկու հարց` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին` Գալուստ Սահակյանին, եւ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին փոխարինողների հարցը: Մեր տեղեկություններով՝ դեռեւս հստակեցված չէ, թե այդ երկու «պոստերում» ովքեր են նշանակվելու: ՀՀԿ-ականները նշում են, որ խմբակցության ղեկավար կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը: Բայց այդ ամենը դեռ հստակ չէ, քանի որ չի բացառվում, որ խմբակցության նիստի ժամանակ այլ փոփոխություններ լինեն: Հանրապետական պատգամավորները չեն բացառում նաեւ, որ Հ. Սահակյանը կմնա խմբակցության քարտուղարի պաշտոնում եւ զուգահեռ կղեկավարի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը:

ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Սովորության համաձայն՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ նախարարներին փորձում է ամեն կերպ տեղավորել աշխատանքի: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արմեն Մովսիսյանն առաջիկա օրերին կհամալրի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նախարարական պորտֆելներից հետո անցել են խորհրդականի պաշտոնների` քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյան, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյան:

ՍՈՎՈՐՈՒՅԹ

Չնայած հինգշաբթի օրը նախատեսված է ՀՀ կառավարության նիստ, սակայն դեռեւս հայտնի չէ նիստի օրակարգը: Հատկանշական է, որ սահմանված կարգի համաձայն, օրակարգը ձեւավորվում ու կառավարության պաշտոնական կայքում տեղադրվում է երկուշաբթի օրերին: Այնինչ, երեկվա դրությամբ կառավարության կայքում չկար նոր նիստի օրակարգը: Նկատենք, որ սա ամենեւին էլ պատահական չէ: Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալուց հետո փորձում է վերջ տալ հրապարակային գործունեությանն ու գործել թաքուն: Ինչ արած, սա էլ Արգամիչի սովորությունն է:




Լրահոս