ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` պետական գույքի վարձակալները մասնավորեցման գործընթացում ի՞նչ արտոնություններ ունեն: Եվ ի՞նչ կարգով է հաշվարկվում պետական գույքի վարձավճարը:

Գոհար Մխիթարյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, եթե վարձակալած գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ եւ եթե վարչական եւ հասարակական շենքերում եւ շինություններում վարձակալած տարածք չէ, պետական գույքի վարձակալները ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք:
Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա նշենք, որ պետական գույքը վարձակալության տրամադրելիս գույքի ամսական վարձավճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինությանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N125-Ն որոշման համաձայն:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում առաջին վճարի վճարումից հետո գույքի (օբյեկտի) արժեքի վճարման ենթակա մնացած գումարը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ:

 

ՀԱՐՑ. Եթե հաստատագրված վճարով հարկվող գուրծունեության ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը մեկ ամիս ուշ է ներկայացվում (դեկտեմբեր ամսվա փոխարեն հունվար ամսին), արդյոք վարչական պատասխանատվություն կիրառվում է: Եթե այո, ապա ինչպիսի՞:

Ալիկ Մանուկյան (57 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1 հոդվածի համաձայն՝ Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե մեր երկրում նվազագույն աշխատավարձն այնքան էլ մեծ գումար չէ, բայց դրա տասնապատիկի եւ մինչեւ անգամ քսանապատիկի հասնող տուգանքը, համաձայնեք, որ կլորիկ գումար է: Այս ահռելի չափի տուգանքից խուսափելու միակ տարբերակը, թերեւս, ժամանակին բոլոր հայտարարություններն ու փաստաթղթերը կարգի բերելն է:

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, օրենքով սահմանված կարգով գործո՞ւմ են այնպիսի դեպքեր, երբ դպրոցի տնօրինությունը կարող է երեխային դպրոց չընդունել: Ուզում եմ հասկանալ տնօրենը նման իրավունք ունի՞, թե՞ ոչ:

Պերճուհի Զաքարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2000 թվականին դպրոցում սովորող աշակերտների թիվը եղել է 570.000, մինչդեռ 2013 թվականի պաշտոնական հրապարակված թիվը՝ 336.000 է: Ի դեպ, 2011-2012 ուսումնական տարվա համեմատ՝ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 0.4%-ով: Դպրոցների օպտիմալացման շրջանակներում փակվել են Երեւանի թիվ 25, Գեղարքունիքում՝ Բարեպատի, Շիրակում՝ Բարձրաշենի, Վայոց Ձորում՝ Փոռի հիմնական դպրոցները, Արագածոտնում Ապարանի ֆիզմաթ վարժարանը: Շիրակում Ախուրյանի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ավագ դպրոցները միավորվել են համապատասխանաբար Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան եւ Երեւանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցների հետ:




Լրահոս