ՀԱԿԱՊԱՏԿԵՐԸ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ մեր պետության նկատմամբ բացահայտ անհարգալից հայտարարություններով, արդեն վերածվում է տխուր ավանդույթի: Ընդ որում, նկատենք, որ վերջին՝ առնվազն հինգ տարիներին իրենց նման ոչ դիվանագիտական պահվածք են թույլ տվել ոչ միայն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, այլեւ Գերմանիայի եւ անգամ Վրաստանի դեսպանները: Վերջինս, մասնավորապես, իրեն թույլ էր տվել Վրաստանում հայերենին ռեգիոնալ լեզվի կարգավիճակ տալու՝ Սերժ Սարգսյանի առաջարկի կապակցությամբ ասել` լավ կլինի մտածել, նոր խոսել:
Ու եթե մեր դիվանագիտական կորպուսը անպատասխան թողեց անգամ Վրաստանի դեսպանի՝ նման ցինիկ պատասխանը, ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի դեսպաններին կարգի հրավիրելու մասին խոսք լինել չի կարող:
Երեկ, սակայն, համացանցում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Դավիթ Հարությունյանը բաց նամակով պատասխանել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությանը` թե իրենք այսուհետ պետք է զբաղվեն մեր երկրում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Իր նամակում Դավիթ Հարությունյանը ռուս դեսպանին դիվանագիտական եւ իրավական կոռեկտության շրջանակներում, սակայն, բավականին կոշտ եւ շատ արժանապատիվ կերպով բացատրել էր ինքնիշխան երկրում դիվանագիտական ծառայություն իրականացնող դեսպանի ազատության թույլատրելի չափը` ընդգծելով, որ «հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված գործողությունների դեմ պայքարի լավագույն միջոցն է՝ հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը կամայական ցանկություններ իրականացնելու վայր դիտարկելը»:
Դ. Հարությունյանը նաեւ ռուս դիվանագետին հիշեցրել էր դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի համապատասխան հոդվածը, որով սահմանվում է, որ օտարերկրյա դիվանագետները պարտավոր են չմիջամտել հյուրընկալ պետության ներքին գործերին։
Այս նամակն ընթերցելուց հետո, վստահաբար, շատերն իրենց զգացին արժանապատիվ պետության քաղաքացի, սակայն, ցավոք, ընդամենը մի պահ: Խնդիրն այն է, որ նամակի հեղինակը ոչ թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է, այլ ընդամենը նրա անվանակից մի երիտասարդ ուսանող: Իսկ ահա մեր ԱԳՆ-ն բավարարվեց ընդամենը անատամ հիշատակությամբ, որ «ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները գրանցվում եւ գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»: Ամեն դեպքում` դեռ ամեն ինչ կորած չէ, եթե ունենք նաեւ այսպիսի Դավիթ Հարությունյաններ:




Լրահոս