ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՈՒՇԱՆԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը նախօրեին վիրավորել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանին եւ մի խումբ այլ լրագրողների՝ անվանելով անբարոյականներ, իսկ «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանին ասել էր՝ «գնացիր ստուց»։ Նշենք, որ լրագրողն ընդամենը պատգամավորից հետաքրքրվել էր, թե ինչ գնահատական կտա նա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցներին, ինչին ի պատասխան Շուշան Պետրոսյանն ասել էր. «Իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք»: Երեկ պատգամավորն արդեն ներողություն էր խնդրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանից, իսկ Մելանյա Ծառուկյանից, ով այդ պատմության հետ ընդհանրապես կապ չուներ, պատգամավորը դեռ ներողություն չի խնդրել: Կարծում ենք, պատգամավորը ոչ միայն պետք է ներողություն խնդրի բոլոր լրագրողներից, այլ նաեւ գիտակցի իր խոսքի արժեքը եւ իմանա, որ «ներողություն խնդրելը դա ծամոն ծամել չէ», ինչն ինքը մեծ ախորժակով անում է ԱԺ նիստերի ընթացքում:

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՓԱԿԵԼՈՎ

ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն արդեն վեց ամիս է, ինչ դադարեցված գազամատակարարման պատճառով փակված է՝ արդյունքում կրելով խոշոր չափի վնասներ: Գործարանի հուսահատված տնօրենը տեւական ժամանակ է, ինչ սպասում է Էկոնոմիկայի նախարարության պատասխանին. «Տվյալ նախարարությունից խոստացել են, որ այս շաբաթվա վերջին դրական լուծում կտան հարցին»: Հավելենք, որ գործարանի տնօրենը դիմել էր նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, բայց անօգուտ. ընդամենն իր դիմումը վերահասցեագրել էին Էկոնոմիկայի նախարարություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն էլ շարունակում է լռել: Ի դեպ, վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գործարարների միջեւ տեղի ունեցած հանդիպմանը «Ալիշան»-ի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը ներկա չի գտնվել, քանի որ հրավեր չի ստացել:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼՈՒՌ ՄԵԿՆԵՑ

Ռոբերտ Քոչարյանը երեկ, մայիսի 20-ին, մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի` այսօր կայանալիք նիստին: Նշենք, որ Քոչարյանի այս այցը, ի տարբերություն նախորդ այցերի, չի ուղեկցվում տեղեկատվական ինտրիգային արտահոսքերով, որոնց թեման մշտապես նույնն է՝ Քոչարյանը գնացել է Պուտինի հետ հանդիպելու: Հիշեցնենք, որ 2009թ. հունիսից Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրեն:

 




Լրահոս