ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը մեկ տարի առաջ Գավառի տարածաշրջանի մի բնակչից 5300 դոլարով գնել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենա: Առքուվաճառքից հետո մեքենան օրինական կերպով գրանցվել է Հմայակ Նազարյանի անունով: Վերջերս, սակայն, Հ. Նազարյանին ավտոմեքենայով հրավիրել են ոստիկանության Իջեւանի բաժին: Փորձագետներն այն զննելով` Հ Նազարյանին հայտնել են,որ իր ավտոմեքենան գողացված է: Այդ ավտոմեքենան այժմ կայանած է ոստիկանության Իջեւանի բաժնի տուգանային հրապարակում: Հմայակ Նազարյանն ասում է, որ ինքը բարեխիղճ գնորդ է, ոչ մի խախտում չի արել եւ չի իմացել, որ մեքենան գողացված է. «Ես օրական 5 հազար դրամ վճարում եմ տաքսու վարորդներին, ինչո՞ւ չպետք է կարողանամ իմ մեքենան վարել»,-ասում է գյուղապետը: Նա նաեւ մտավախություն ունի, որ տուգանային հրապակում կայանած մեքենան կարող է տուժել կարկտահարությունից: Հ. Նազարյանից տեղեկացանք, որ առանց իմանալու գողացված մեքենաներ են գնել եւ այդ պատժառով տուժել են նաեւ Տավուշի մարզի մի շարք այլ բնակիչներ` մասնավորապես մարզի անասնաբուժական տեսչության պետ Սերգեյ Քամալյանը, ոստիկանության մի երիտասարդ աշխատակից, ավտոմեքենաներ վերանորոգող մի վարպետ: Գողացված եւ հետագայում վաճառված ավտոմեքենաների թվում են «Մերսեդես», «Գազել», «Նիվա» մակնիշների մեքենաներ: Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ գողացված ավտոմեքենաների վաճառքի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Երեւան քաղաքում, դատարանի որոշմամբ կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, քննչական այլ գործողություններ, Տավուշի մարզի տարածքից հայտնաբերվել են 3 բեռնատար գողացված ավտոպահեստամասեր:
ՍՊԱՆԴԱՆՈՑ ՉԿԱ
Տավուշի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, այստեղ տարածված է անասնապահությունը: Սակայն գյուղատնտեսական մարզում սպանդանոց չկա: Այդ պատճառով անասուններին մորթի են ենթարկում հակասանիտարական պայմաններում, ինչը կարող է զանազան հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով մայիսի 5-8-ը աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում, ուր քննարկել է Տավուշի մարզում սպանդանոց կառուցելու հարցը: Արմեն Ղուլարյանը այցելել է Յուրա շրջան՝ սպանդանոցի տեսակն ընտրելու համար: Դրանից հետո, սակայն, Տավուշի մարզպետը փոխվել է, հիմա մարզի ղեկավարն է Հովիկ Աբովյանը: Կմնա՞ արդյոք սպանդանոց կառուցելու համար ֆրանսիական կողմի հետ պայմանավորվածությունը` պարզ կդառնա առաջիկայում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ