ԲՀԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն իր այս տարվա առաջին քառօրյան սկսեց սկանդալով. կառավարության հեղինակած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագիծը չընդունվեց՝ քվեարկությանը ԲՀԿ խմբակցության չմասնակցելու պատճառով: Սամվել Նիկոյանը, անակնկալի գալով ու դա պատճառաբանելով տեխնիկական թերությամբ, խախտելով ԱԺ կանոնակարգը, նախագիծը քվեարկության դրեց երկրորդ անգամ: Սակայն ԲՀԿ-ն կրկին չքվեարկեց ու քվորումի բացակայության պատճառով այն չանցավ: Ի դեպ, փոխարենը նախագծի համար քվորում փորձեց ապահովել ՀՅԴ-ն՝ քվեարկելով ձեռնպահ: Նախագծի երկրորդ անգամ չանցնելն անակնկալի բերեց ՀՀԿ-ին. Սամվել Նիկոյանը՝ տխուր եւ շփոթված դեմքով, մոտ մեկ րոպե կարկամելուց հետո շարունակեց նիստը: Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն նախընտրական շոու է սարքում, եւ իր համար տարօրինակ է, որ ԲՀԿ-ական նախարարները կառավարությունում կողմ են լինում նախագծին, իսկ պատգամավորները՝ խորհրդարանում դեմ քվեարկում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց. «Ցավում եմ, որ նիստը նախագահողն ինձ զրկեց վարման կարգով մեր տեսակետը ներկայացնելու հնարավորությունից։ Այլապես, ես ընդամենը պետք է հանդարտության կոչ անեի մեր գործընկերներին եւ հիշեցնեի, որ ԲՀԿ-ն մշտապես քվեարկում է՝ ելնելով իր սկզբունքներից եւ համոզմունքներից։ Ես խորհուրդ չեմ տալիս մեր քվեարկությունը քաղաքականացնել եւ անհասկանալի գնահատականներ հնչեցնել՝ խոսքի եւ գործի վերաբերյալ։ Մեր խմբակցության քվեարկությունը հերթական անգամ ապացուցեց մեր խոսքի եւ գործի համարժեքությունը։ Կրկնում եմ, դեմ չլինելով նախագծում առաջարկվող որոշ մոտեցումներին՝ մենք այս պահին վաղաժամ ենք համարում ընդունումը մի նախագծի, որի ենթատեքստը բանկերի համար առանց այդ էլ առկա երանելի պայմաններն ընդլայնելն է՝ բնականաբար ՀՀ քաղաքացիների հաշվին»։
Նշենք, որ այս նախագիծը ենթադրում է, որ 3 մլն դրամից ավելի գնումների կամ 300 հազար դրամը գերազանցող բժշկական վճարումների դեպքում քաղաքացիներն ու կազմակերպությունները դա պետք է անեն բանկային համակարգի միջոցով: Ու քանի որ բանկերը գործում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, ենթադրվում է, որ սրանով փորձ է արվում ի հաշիվ քաղաքացիների աջակցել բանկերին, նպաստել դրանց հարստացմանն ու գումարների՝ վարչապետի գրպանը հոսելուն:




Լրահոս