Հանրապետական նշանակության հուշարձանները կտեղափոխվեն բացառիկ դեպքերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը խորհրդարան էին ներկայացրել իրենց հեղինակած  «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքում կատարվող փոփոխությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականին վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ hանրապետական և  տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:

Մինչդեռ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն հուշարձանների մասնակի կամ ամբողջական տեղափոխումը կարող է իրականացվել միայն մեկ դեպքում, երբ հուշարձանի նյութական պահպանությունը պահանջում է այն տեղափոխել: Ներկայիս կարգավորմամբ հստակ սահմանված չէ այն բացառիկ հանգամանքը, որի առկայության պայմաններում թույլատրվում է իրականացնել հուշարձանի տեղափոխումը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հուշարձանների տեղափոխում նույնիսկ այն դեպքերում, երբ չկա հուշարձանի պահպանության հրամայական պահանջ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Հաշվի առնելով վերոգրյալը ներկայացված նախագիծը կնպաստի օրենքի դրույթները Կոնվենցիայի պահանջների  համապատասխանեցմանը և կապահովի առավել հստակ իրավակարգավորման սահմանմանը:




Լրահոս