ՀԻՄԱ ԷԼ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՉԱՓԸ ՃԱՆԱՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող միջազգային կոնֆերանսի ընթացքում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ բնապահպան ակտիվիստների միջեւ տեղի ունեցած ընդհարման կապակցությամբ երեկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել հարուցել վարույթ՝ Ա. Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հիշեցնենք, որ նշված կոնֆերանսի ընթացքում բանը հասել էր նրան, որ իրեն աղտոտված ջուր խմելու առաջարկ անող բնապահպանին Ա. Հարությունյանն ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

Նշված օրը ակտիվիստները ներխուժել էին այն դահլիճ, որտեղ ընթանում էր կոնֆերանսը: Բնապահպաններից մեկը բաժակի մեջ էր լցրել գետի աղտոտված ջուրն ու առաջարկել, որպեսզի նախկին նախարարը խմի: Ա. Հարությունյանի ջանքերը բնապահպաններին հանդարտեցնելու ուղղությամբ ապարդյուն էին անցել: Նախկին նախարարին շատ էր վրդովեցրել բնապահպանի արարքը եւ, ի վերջո, նա ակտիվիստներից մեկին սպառնացել էր «կտրել ականջները»:
Այս ամենից հետո «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել էր վարույթ հարուցել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:
Դիմումում նշվում էր, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի Էթիկայի կանոնները, այդ թվում՝ հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ եւ սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է եւ էթիկայի կանոնների կոպիտ խախտում, այդպիսի պարագայում վտանգվում Է նաեւ հարգանքի եւ վստահության ձեւավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ»:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել է վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել ներկայում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հետ, քանի որ վերջինս համառորեն մեր զանգերին չէր պատասխանում։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս