
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:
Այսպիսով, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար:
Ավտոկայանատեղիի բիզնեսով զբաղվող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանն Armlur.am-ին հայտնեց, որ ցանկացած որոշում ներկայացնում է քաղաքապետարանը, իսկ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ընդամենը կատարող է:
«Մենք որոշման մասնակից չենք: «Փարքինգ Սիթին» կատարող կողմ է հանդիսանում»,- պարզաբանեց Վազգեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 1-ից Երևանի կենտրոնում կայանման համար հստակ գնացուցակ է սահմանվել, և սահմանված տուրքը չվճարելու դեպքում կկազմվի հատուկ արձանագրություն և վարորդից կգանձվի 5000 դրամ տուգանք, իսկ 48 ժամից ավել առանց տուրքի վճարման կայանելու դեպքում` տրանսպորտային միջոցը կտեղափոխվի հատուկ տարածք:
Տաթև Հարությունյան