Մարմնավաճառներ 41-ամյա Անժելա Խաչատրյանը, 19-ամյա Նարե Ներսիսյանը, 22-ամյա Էլմիրա Խաչատրյանը և 27-ամյա Պայծառ Դանաչյանը, բերման ենթարկվելով ոստիկանության Շենգավիթի բաժին, փորձել են իրենց ձեռքի տակ եղած ածելիով վնասել ոստիկանության աշխատակիցներին:
Այսպես, Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը` 01:00-ի սահմաններում:
Անժելա Խաչատրյանը մուտք է գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք, որտեղ վիճաբանել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազոր Բաբկեն Ալավերդյանի, ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկաններ Խաչատուր Մելքումյանի և Արման Նավասարդյանի հետ: Խաչատրյանը չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել է ածելիով վնասել Ա.Նավասարդյանի դեմքը, հետապնդել է նրան և Բաբկեն Ալավերդյանին` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմելու:
Նույն արարքը կատարել են նաև մյուս բերման ենթարկված մարմնավաճառները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) և 2-րդ մասերով (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով):
Անժելա Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ մյուսների նկատմամբ կալանավորումը, ովքեր գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:
Գործը մակագրվել է Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: