ՀՆԱԳՈՒՅՆԸ ՀՆԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտենք, որ մեր երկրում խորհրդականի պաշտոնը թոշակառուի նման մի բան է. գրեթե ոչինչ չանող, միայն բարձր աշխատավարձ ստացող ու ինչ-որ արտոնություններից օգտվող: Սովորաբար խորհրդական են նշանակում կա՛մ երիտասարդ կարիերիստներին, կա՛մ էլ նրանց, ում չեն կարողանում այլեւս հեռացնել կառավարման համակարգից  եւ ստիպված  նշանակում են խորհրդական` նրանց ամբիցիաները բավարարելու համար: Հավանաբար Գագիկ Մարտիրոսյանին էլ վարչապետի խորհրդականի պաշտոնում հենց այս պատճառով են պահում: Մանավանդ որ` նա ամեն ինչ գիտի, մասնակից է եղել մազութի ու այլ  մութ  գործարքների, անցել է կառավարության ու իշխանության բոլոր խողովակներով: Հետեւաբար, շատ բան իմանալով` կարող է անգամ ոմանց համար վտանգ ներկայացնել: Մարտիրոսյանը  կառավարությունում աշխատող այն եզակի դեմքերից է, ով դեռեւս խորհրդային տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել եւ կարող է հանդիսանալ խորհրդային բյուրոկրատիայի վերջին խորհրդանիշերից մեկը:
Նշանավոր Գլաձոր գյուղում ծնված ուսումնատենչ պատանին 1974-ին ավարտել է Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը  եւ դառնալով արդյունաբերական ու քաղաքացիական շինարարության ճարտարագետ, առանց բանակում ծառայելու (քանի որ ստացել էր լեյտենանտի կոչում),  աշխատանքի է անցել ՀՍՍՀ շինարարության մինիստրության «Ջերմուկշին» տրեստում որպես Եղեգնաձորի շինարարական մեքենայացված շարասյան բրիգադիր, վարպետ, գլխավոր ճարտարագետ, ապա նաեւ պետ: Հետո թողել է արտադրությունը, դարձել Եղեգնաձորի շրջխորհրդի կազմբաժնի վարիչ, նախագահի տեղակալ: 1 տարի գործադիրում աշխատելուց հետո հավանաբար հոգնել է այդ մթնոլորտից ու 1980-ից աշխատանքի անցել «Ջերմուկշին» տրեստում, սկզբում որպես  գլխավոր ճարտարագետ, ապա  կառավարիչ: 1986-ից մինչեւ 1988 թվականը կառավարիչ է եղել տարբեր տրեստներում, 1989-ին նշանակվել է ՀՍՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ, 1990-1993 թվականներին էլ եղել է ՀՀ շինարարության նախարար: 1993-ին նշանակվել է ՀՀ պետնախարար, իսկ 1995-98 թվականներին դարձել ՀՀ էներգետիկայի նախարար: Եւ էներգետիկայի նախարար դառնալուց անմիջապես հետո հայտարարել, որ «մութ ու ցուրտ» տարիներին մենք այնքան էլեկտրաէներգիա ենք արտադրել, որքան հիմա: Հանրությունը զարմանքից քար կտրեց, ապշեց, զայրացավ: Ուրեմն ո՞ւր է գնացել այդ էլեկտրաէներգիան, ո՞ւմ է բաժին հասել: Գագիկ Մարտիրոսյանը, սակայն, որեւէ բացատրություն չտվեց եւ հանգիստ շարունակեց իր նախարարական աշխատանքը` այս անգամ արդեն նոր պորտֆել ստանալով: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան մոտ 1 տարով նշանակեց արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
Իսկ արդեն Վազգեն Սարգսյանի կառավարությունում նրան նշանակեցին խորհրդական: Հասկանալի էր, որ նոր վարչապետը չէր կամեցել Մարտիրոսյանին տեսնել նախարարի պաշտոնում: Խորհրդականի պաշտոնը Մարտիրոսյանը համատեղեց ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման եւ վերահսկման գլխավոր վարչության պետի պաշտոնակատարի պարտականությունների հետ: Նման պաշտոն միայն ամենամտերիմ մարդկանց կարող էին վստահել, որովհետեւ երկիրն ահռելի չափերի հասնող դրամաշնորհներ ու վարկեր էր ստանում. հո պատահական մարդու չէի՞ն նշանակելու այստեղ… Այդ պատասխանատու աշխատանքը, ըստ ամենայնի, «պատվով» կատարելու համար էլ 2001-2002թթ.-ին Գագիկ Մարտիրոսյանին տեղափոխեցին կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե` նշանակելով նախագահ: Սակայն 2004-ից կրկին վերադարձրին խորհրդականի պաշտոնին:
Նշենք, որ Մարտիրոսյանը  Պետշինի նախագահի տեղակալ է նշանակվել 38 տարեկանում: Սա խորհրդային տարիների համար բացառիկ բան էր: Ոմանք ասում են, որ նրա թիկունքին կանգնած են եղել Խորհրդային Հայաստանի ազդեցիկ դեմքերը, մասնավորապես Վլադիմիր Մովսիսյանը: Ավելի ուշ, սակայն, Գագիկ Մարտիրոսյանը, «հայրենասիրությունից դրդված», հեռացավ իր կոմունիստ ընկերներից ու դարձավ նոր իշխանության մի մասնիկը:
Չմոռանանք, որ 1998-ին Գագիկ Մարտիրոսյանը երկու ամսով եղել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար: Այսինքն` միշտ այն պաշտոններն է վարել, որոնք եղել են եկամտաբերներից, որոնք ապահովել են կայուն ֆինանսական հոսքեր: Ասում են, որ Գագիկ Մարտիրոսյանը մեր երկրի ամենահարուստ մարդկանցից է, ում ունեցվածքը չափվում է մի քանի հարյուր միլիոն դոլարով: Ու այստեղ, թերեւս, կասկածելու շատ բան չկա, որովհետեւ նա մասնակցել է երկրի թալանի տարիների բոլոր գործարքներին: Չմոռանանք, որ 1990-ից սկիզբ առան Հայաստանի շինարարական տեխնիկայի դուրսբերումն ու վաճառքը, իսկ այդ ժամանակ նա շինարարության նախարարն էր: Բացի այդ, Աղետի գոտու վերականգնման անվան տակ գումարներ էին «դուրս գրվում», որոնց հետքերը ոչ ոք չէր կարողանում գտնել: Հետո եկավ էներգետիկայի «բարգավաճման» ժամանակաշրջանը, իսկ ոլորտի գլխավորն էլի Գագիկ Մարտիրոսյանն էր: Ջրային տնտեսությունը միշտ էլ համարվել է ամենաեկամտաբերներից մեկը, եւ Գագիկ Մարտիրոսյանն այստեղ էլ է հայտնվել… 1993-1995թթ.-ին լինելով պետնախարար` հենց նա էր պատասխանատու երկիրն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, սակայն ոչ ոք նրան չհարցրեց, թե ուր էին անհետանում «արտադրվող» էլեկտրաէներգիան, ստացվող վառելանյութը: Ոչ ոք նաեւ չուզեց հիշել, որ մի շարք գործարքներ, որոնցից էր նաեւ ՀԷՑ-երի եւ Հրազդանի էլեկտրաբլոկի վաճառքը, իրականացվել են նաեւ նրա մասնակցությամբ: Իսկ հենց այդ գործարքները ոմանց հսկայական միջոցներ պարգեւեցին…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս