«ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում «Օդնոկլասսնիկի» կայքից շաբաթական  օգտվում է 634.231 մարդ:  Եւ եթե ոմանք կայք են մտնում ընկերների հետ կապ պահպանելու համար, ապա կան նաեւ այնպիսիները, որոնք որպես ծանոթության միջոց ընտրել են այս տարբերակը: Սակայն պարզվում է, որ այդ կայքի միջոցով ծանոթանալը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ: Եթե որոշ դեպքերում երիտասարդները  նման ծանոթությունը պարզապես  համարում են ազատ ժամանակը սպանելու միջոց, ապա Էրիկ Եղինյանը նմանատիպ ծանոթության պատճառով այսօր ստիպված է օրենքի առաջ պատասխան տալ:
Էրիկը, ով ապրում է Ստեփանակերտում, կայքի միջոցով ծանոթանալով Հեղինե Հակոբյան անունով մի աղջկա հետ` երկար ժամանակ վիրտուալ կապ է պահպանում: Այնուհետեւ Հեղինեի առաջարկով ժամադրություն է նշանակվում հենց աղջկա տանը, ով, ի դեպ, ապրում է Արտաշատ քաղաքում: Էրիկը, չդիմակայելով նման գայթակղիչ առաջարկին, մեկնում է Արտաշատ: Կասկածամտությունից ելնելով` մինչեւ աղջկա բնակարան մտնելը, նա միացնում է հեռախոսի ձայնագրիչը: Պարզվում է, որ չի սխալվել. Էրիկին Հեղինեի փոխարեն դիմավորում են չորս հաղթանդամ տղամարդիկ, որոնցից մեկը` Ծերուն Հասրաթյանը, Էրիկի խոսքերով` ոստիկանության աշխատակից է: Այնուհետեւ Էրիկը պատմում է, որ իր նկատմամբ իրականացվել են ոտնձգություններ, հափշտակել  են բջջային հեռախոսը եւ 5000 դրամ: Բացի դրանից, տղային մի քանի ժամ շարունակ չեն թողել հեռանալ այդ բնակարանից` ստիպելով դատարկել գրպանի պարունակությունը:
Այսպիսով` երիտասարդը բնակարանից դուրս գալուն պես մեկնել է Երեւան ու դիմել ոստիկանություն: «Հետագայում ինչ-ինչ պատճառներով գործը կոծկվել է, եւ ամբողջությամբ շուռ են տվել ինձ վրա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Է.Եղինյանը:
Գործն այժմ գտվում է Վերաքննիչ դատարանում, սակայն մեկ այլ ենթատեքստով:  Էրիկը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի` Էրիկի տված տեղեկությունը ոստիկանությանը սուտ է, եւ ավելին, այժմ տղան է մեղադրվում ոստիկանությունում սուտ մատնություն տալու եւ ուրիշի անձն անհիմն զրպարտելու համար:
Այս «խուճուճ» պատմությունը հասկանալու համար փորձեցինք ստանալ Էրիկի մեկնաբանությունը: Վերջինս ասաց, որ իրեն ոստիկանությունում սպառնալիքներով ստիպել են փոխել իր ցուցմունքը եւ հրաժարվել, որ նման միջադեպ երբեւիցե պատահել է: Ընդ որում, երիտասարդը հավաստիացնում է, որ իր մոտ կան բոլոր ձայնագրությունները, թե ինչպես են իրեն գումար առաջարկում գործը ծածկելու համար, իսկ հետագայում էլ` սպառնալիքներով ինչպես են  քննիչները ստիպում փոխել նախնական ցուցմունքը: Երիտասարդը նաեւ հավելեց, որ դատավարության հետագա փուլերի ժամանակ պատրաստվում է ներկայացնել այդ ապացույցները:
Հարցին, թե ինչու էր աղջիկն իրեն հրավիրում բնակարան, եթե պետք է հետը «թիկնապահներ» լինեին, Էրիկը պատասխանեց. «Դա հանցախումբ է` ոստիկանի գլխավորությամբ, որոնք «Օդնոկլասսնիկ»-ի միջոցով իմ նման միամիտ տղաներին խաբում են եւ փորձում այդ կերպ գումար շորթել»:
Էրիկ Եղինյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին, սակայն նա ֆինանսական խնդիրների պատճառով միգուցե չկարողանա ներկայանալ դատարան:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս