Գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց եւ որոշել հեռանալ ՕԵԿ-ից: Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց՝ ասելով, որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել ԱԺ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա մեզ հետ զրույցում այլ բան էր պնդում: Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. ՕԵԿ-ի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից: Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ եւ չի լքել կուսակցությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ