Դեռեւս 2013թ.-ին Սեւան համայնքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի գրադարանները փակվեցին, իսկ 2014թ.-ին փակված գրադարանների շարքը համալրեցին Գագարին բնակավայրի 2 գրադարանները, մանկական գրադարանն էլ տեղափոխվեց Կենտրոնական գրադարան: Եվ արդյունքում` ներկայում Սեւան համայնքն ունի ընդամենը մեկ գրադարան, այն էլ` ոչ բարվոք շենքային պայմաններով, առանց ջեռուցման:
Սեւան համայնքի կենտրոնական գրադարանում այժմ կա 100.000 գիրք, որոնց մի մասն այնտեղ տեղափոխվել է համայնքի փակված գրադարաններից: Գրադարանավարուհիներն ամռանը ստիպված են լինում գրքերը դասավորել արեւի տակ՝ տարվա մնացած ամիսներին դրանցում ներծծված խոնավությունից ազատվելու համար:
Աշխատակիցները բողոքում են, որ քաղաքային գրադարանն անուշադրության է մատնվել, ֆինանսավորման բացակայության պատճառով գրքերը պահվում են ոչ բարեկարգ եւ փոքր տարածքում, ինչի արդյունքում հնարավոր չէ ընթերցողին ցուցադրել ողջ ֆոնդը: Ձմռանը՝ հունվար-փետրվար ամիսներին, գրադարանը չի գործում: Պաշտոնապես նշվում է, որ արձակուրդի են գնում բոլոր աշխատակիցները, մինչդեռ մեզ հետ զրույցում գրադարանի աշխատակիցները նշեցին, որ քաղաքի բոլոր ՀՈԱԿ-ներն այդ ամիսներին փակվում են: Այս ամենի հետ նաեւ գրադարանի աշխատակիցների աշխատավարձերը 4 ամիս չեն վճարվել: Աշխատակիցները նշում են, որ 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2014-ի հունվար-փետրվար ամիսներին աշխատավարձերը չեն ստացել այն դեպում, երբ քաղաքապետարանն ամեն տարի համայնքի բյուջեով 14 մլն դրամի հատկացում է հաստատում, որը պետք է փոխանցվի գրադարանի պահպանման, աշխատավարձերի փոխանցման եւ այլ ծախսերի համար: Նշենք, որ գրադարանի 12 աշխատակիցները ստանում են 44.000 հազար դրամ՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում:
«Մշակույթի ոլորտի աշխատողները պարտադիր ունեն ապահովագրություն, ինչը մենք չունենք, բացի այդ՝ բարձր լեռնային շրջանների աշխատողների աշխատավարձը պետք է 10.000 դրամով ավելի լինի, իսկ մեր դեպքում դա էլ չկա: Արդեն երեք տարի` հունվար-փետրվար ամիսներին մի ամբողջ հիմնարկ փակվում է ու նշվում է, որ արձակուրդ ենք վերցրել: Ինչպե՞ս կարող է երեք տարի շարունակ մի ամբողջ հիմնարկ արձակուրդի գնալ նույն ամսին: Մենք մեկ ընտանիք ենք, ու գրադարանը միայն մեր ջանքերի շնորհիվ է պահպանվում»,-«Ժողովուրդ»-ին Սեւանի կենտրոնական գրադարանի տխուր վիճակը ներկայացրեց աշխատակիցներից մեկը:
Սակայն, չնայած այս բարձիթողի վիճակին, գրադարանի աշխատակիցները փաստում են, որ գրադարանից օգտվողները շատ են, իսկ գրքային ֆոնդն էլ աղքատ չէ: Նշենք, որ 2013թ. Սեւան համայնքի կենտրոնական գրադարանը ընդգրկվել է զարգացման ծրագրի մեջ, որի արդյունքում, ըստ գրադարանի տնօրեն Ֆրունզ Հարութունյանի, ձեռք են բերվել մի քանի նոր պահարաններ եւ գրքեր: Փաստորեն` մեր օրերում, երբ գրադարանները թվայնացվում են, Սեւանի միակ գրադարանը փորձում է մի կերպ գոյատեւել:
ՀՌԻՓՍԻՄԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Սեւան