ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուն շանորդիք, հերիք է իրար միս ուտեք, իրար կյանք թունավորեք ու արդյունքի հասնելիս օրը համարեք կայացած: Հերիք էէէ… Ողորմելի եք ձեր չարությամբ: Խնդիրն այլ է եւ ուրիշ տեղ, ամբողջ ավյունն այդ ուղղությամբ պետք է օգտագործել՝ հօգուտ հայրենիքի, հայի: Ուղղությունն էլ մեկ է` սահմանը»:

Շուշան Պետրոսյան «Ֆեյսբուք»
Մեզ մոտ հայրենասիրության խեղաթյուրված ընկալում կա, այն նույնացվում է ՀՀԿ-ապաշտության հետ, հայրենիքը ՀՀԿ-ն է, իսկ ովքեր դեմ են իշխանություններին, «շուն շանորդի» են, իրենց չարությամբ ողորմելի: Միայն ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանն է աչքի ընկնում իր անսահման բարությամբ, ինչը հատկապես երեւում է նրա` ՀՀԿ-ականին բնորոշ խոսքերից: Չնայած մյուս կողմից, կարդալով այս «քերթվածքը», տպավորություն է ստեղծվում, որ գրողն ինքն էլ չգիտի` ում կամ ինչի մասին է գրել, ուղղակի գրել է մի բան գրած լինելու համար: Ովքե՞ր են ընդհանրապես այդ «շուն շանորդիք», ի՞նչ են ուզում մեզանից:

 

 
«Չի կարելի ստեղծագործողին ճնշել, թե սենց արա, նենց արա, դու մասնակցի եւ այլն: Գիրքն է մասնակցում, եւ այն արժեք ունի, թե ոչ, որոշում է հանձնաժողովը, ոչ թե ես: Ես էլ ասում եմ, սիրելի բարեկամներ, ինչի՞ եք ճնշում, իմ իրավունքն է` կհանեմ, կդնեմ, չգիտեմ ինչ կանեմ»:

Էդվարդ Միլիտոնյան News.am
Կհանեմ, կդնեմ, չգիտեմ ինչ կանեմ, ինչքան կուզեմ` էդքան կխփեմ եւ այդպես շարունակ. «առեղծվածային» կերպով պաշտոնի կամ իշխանության հասած մարդկանց մոտ սա սովորական խոսելաձեւ է եւ գործելաոճ, պաշտոնական դիրքն օգտագործելը՝ նույնպես: Եթե գրողների միության նորանշանակ նախագահն իր գիրքը ներկայացրել է գրականության գծով պետական մրցանակի, ապա դժվար չէ կռահել, որ այդ մրցույթի հանձնաժողովը (հատկապես եթե մրցույթը պետական է) կարող է առավելություն տալ Էդ. Միլիտոնյանին, եւ մրցույթը, բնականաբար, կանցնի անհավասար պայմաններում: Բայց դե ԳՄ նախագահին ինչո՞ւ պետք է դա հետաքրքրի:

 

 
«Այս ակցիան շանտաժ է. իրենց իրավունքն է, ուզում են բոյկոտեն, ուզում են` ոչ, բայց իրենք պետք է հասկանան, որ ես մտածում եմ իրենց ապագայի մասին, ես էլ, Հանրապետական կուսակցությունն էլ»:

Մանվել Բադեյան Tert.am
Մենք բոլորս արդեն վաղուց ենք հասկացել, որ Հանրապետական կուսակցությունն օր ու գիշեր մեր ապագայի մասին է մտածում, չափից դուրս մտահոգ է, հատկապես նրանով, որ մեր ապագան լինի ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում: Եվ այդ «վեհ» նպատակի համար ՀՀԿ-ն ջանք չի խնայում, Մանվել Բադեյանը` առավել եւս, պարզապես մենք` «տկարամիտներս», իրեն չենք հասկանում, փոխարենը հասկանում ենք ակցիաներ կազմակերպող տարբեր «շանտաժիստներին», որոնց առաքելությունն է միայն սեւացնել մեր ապագայի մասին մտածող Հանրապետական կուսակցության «լուսավոր» անունը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս