ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ ԳՈՐԾՈՎ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը գլխի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի: Անգամ կան վերջինիս հիվանդությունը հաստատող բժշկական պաշտոնական փաստաթղթեր, քանի որ հիվանդությունն Արթուրի մոտ նոր ի հայտ չի եկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Անդրեասյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին իրենք քրեակատարողական հիմնարկ դեղեր են տանում, որպեսզի Արթուրի վիճակն ավելի չվատթարանա: «2007-ից նա բուժվում է ու անընդհատ սիստեմաներ ու դեղեր է ընդունում, ամիսը երկու անգամ մենք դեղ ենք տանում քրեակատարողական հիմնարկ, մինչեւ տեսնեք, թե ինչ կլինի»,-ասաց տիկին Փառանձեմը՝ առայժմ զերծ մնալով իր որդու կալանավորման մասին որեւէ գնահատական տալուց: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ Արթուրի հայրը սրտի կաթված է ստացել, եւ նրա սիրտը վիրահատել են:

 

 

ՉԱՀԱԲԵԿԵԼ

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ տարածած հայտարարությամբ կոչ է արել Հայաստանի կառավարությանը չահաբեկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստներին:

 

 

ՈՒՇԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ նախագահին եւ կառավարությանը՝ առաջարկելով մինչեւ 2014թ. հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ հանրային լսումներ, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները: Դեռ լավ է, որ Հանրային խորհուրդը որոշել է դա անել հիմա` համակարգի ներդրումից ուղիղ 20 օր առաջ, եւ ոչ թե, ասենք, դեկտեմբերի 31-ին:

 

 

ՆԵՐՈ՞ՒԺ ԿԱ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ու երկու երկրների միջեւ ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:

 

ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԷՐ

Երեկ ԱԺ նիստերի դահլիճում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ական պատգամավորներից ստորագրություններ է հավաքել պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու հայցով ՍԴ դիմելու համար: Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու նախաձեռնությամբ են հանդես եկել ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը:

 

 

ԻՆՉՊԻՍԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Ավանեսյանը երեկ հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է։ Նա տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզը կքննարկվի առաջիկա օրերին չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի փորձագետների մակարդակով։

 

ԷԼԻ ԿԱՐԵՎՈՐԵՑԻՆ

Երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը, հանդես են եկել Հայաստանի իշխանություններին ուղղված կոչով, որտեղ կարեւոր են համարում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ջանքերի միասնականացումը:




Լրահոս