ԱՊՊԱ-ՆԵՐՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեսո» ապահովագրական ընկերությունը, որը մի շարք ծառայությունների հետ մեկտեղ նաեւ իրականացնում է սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն, այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել քաղաքացիներին` հրաժարվելով փոխհատուցել վերջիններիս բժշկական ապահովագրության վճարը:

Նշենք, որ սոցիալական փաթեթների համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2012թ. հունվարից, որը հնարավորություն է տալիս բազմաթիվ քաղծառայողների եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից, հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից: Սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, այս ծրագիրը նախապես պլանավորված կոռուպցիա է:
Իսկ թե ինչ կոռուպցիայի մասին էր ահազանգում նախկին նախարարը, արդեն իսկ հասկանալի է դառնում «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսուցչուհի Մարինե Գրիգորյանի պատմածից (անունը փոխված է, իսկ քաղաքացու իրական անունը հարգելի պատճառներով դեռեւս չենք հրապարակում): Ըստ Մարինեի` ինքը 2013թ. մարտից պայմանագիր է կնքել «Ռեսո» ապահովագրական ընկերության հետ` ապահովագրելով իր առողջությունը. «Կարելի է ասել՝ մեկ անգամ եմ գնացել նյարդաբանի մոտ խորհրդատվության, եւ որեւէ ավելորդ բան այդ խորհրդատվությունից հետո չի եղել: Սակայն գանգատներ եղան մոտս, եւ գնացի գինեկոլոգի մոտ ու անալիզներ հանձնեցի: Բժշկուհին հայտնաբերեց, որ ինձ մոտ որոշակի խնդիրներ կան, ու ընդամենը փոքր վիրահատական միջամտություն է անհրաժեշտ»:
Ըստ մեր զրուցակցի՝ վիրահատության համար անհրաժեշտ է եղել ընդամենը 50.000 դրամ. «Երբ արդեն վիրահատությանս օրը պետք է նշանակվեր, ընկերությունը պետք է ինձ տեղեկանք տար փոխհատուցման համար, սակայն հրաժարվեցին դա անել` նշելով, թե իմ կյանքին սպառնացող վտանգ չկա, հետեւաբար փոխհատուցելու անհրաժեշտություն չկա: Նույնիսկ գնացի «Ռեսո»-ի կենտրոնական գրասենյակ, այնտեղ ինձ ինչ-որ կետ ցույց տվեցին, որ այդ կետի համաձայն՝ իրենք կարող են չփոխհատուցել: Գիտեք, ամենազարմանալին այն է, որ իմ առողջության ապահովագրական փաթեթն այնպիսին է, որի մեջ ներառվում է ամեն ինչ»:
Մարինեի խոսքով՝ ընկերությունում հայտարարել են, թե իր հիվանդությունը քրոնիկ է, սակայն, ըստ մեր զրուցակցի, ինքը մեկ տարի առաջ ստուգվել է, եւ իր մոտ որեւէ հիվանդություն չի հայտնաբերվել. «Այն ինձ մոտ առաջացել է «Ռեսո»-ում ապահովագրվելուց հետո: Ավելին՝ ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ փաթեթի բոլոր կետերը եւ լավ գիտեմ, թե որ հիվանդության դեպքում ընկերությունը չի փոխհատուցում: 100 տոկոսով կարող եմ ասել, որ իմ հիվանդության դեպքում փոխհատուցվում է, մինչդեռ ինձ ընկերությունից ասացին, թե դա լուրջ հիվանդություն չէ»: Մարինեի տեղեկացմամբ՝ մեկ ամիս առաջ նման հիվանդություն ունեցող մի քաղաքացու փոխհատուցում են տվել, իսկ մեկ ամիս հետո, չգիտես ինչ հիմնավորմամբ, հրաժարվում են մարդկանց հասանելիք գումարը տրամադրել: Երբ Մարինեն պահանջել է հիմնավոր պատճառներ բերել, թե ինչու իրեն չեն փոխհատուցում, ընկերությունը որեւէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել:
Ստացվում է, որ մեր երկրում մարդու առողջության համար վճարված գումարներն ամենեւին էլ չեն ծառայում այդ նպատակին: Կոնկրետ դեպքում քաղաքացին ունի համապատասխան բժշկական փաստաթուղթ, որ իր կյանքին վտանգ է սպառնում, սակայն ԱՊՊԱ-ում արագախոս ինչ-որ երիտասարդներ որոշում են՝ կինն ունի գինեկոլոգիական խնդիր, թե ոչ, կամ նրա կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը պարզաբանում պահանջեց նաեւ «Ռեսո»-ից: Մեզ հետ զրույցում ընկերության մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Հակոբյանը նշեց, որ նմանատիպ հարցեր շատ են բարձրացվում, ու եթե իրենք ասել են, որ հիվանդությունը քրոնիկ է, ու դրա դեպքում հրաժարվել են փոխհատուցել, ուրեմն դա այդպես է. «Ավելին, եթե քաղաքացին պնդում է, որ ինքն իրավացի է, ապա կա համապատասխան ընթացակարգ: Կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որտեղ որոշում կկայացվի: Եթե ամեն ինչ այնտեղ հօգուտ քաղաքացու որոշվի, ապա ընկերությունը կփոխհատուցի»:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք արդարացի է ընկերության մոտեցումը կյանքի եւ մահվան հետ կռիվ տվող քաղաքացուն ֆինանսական հաշտարարի գրասենյակի տեղը մատնացույց անելը: Ապահովագրական ընկերությունն ի՞նչ պատասխան պետք է տա, եթե քաղաքացին իր հիվանդությունն «ապացուցելու» ընթացքում հանկարծ մահանա: «Սա ֆինանսական կառույց է: Մենք, եղել է, սրտի վիրահատության համար 2 մլն դրամ ենք վճարել, սակայն մի դեղորայքի համար, որն ըստ պայմանագրի մենք չեն կարող փոխհատուցել, դա չենք արել, ու քաղաքացին դժգոհ է մնացել եւ դիմել է ֆինանսական հաշտարարին»,-սառնասրտորեն ասացին «Ռեսո»-ից:
Այսպիսով, ըստ «Ռեսո»-ի, եթե մարդը մահանա, հարազատները, բացի ֆինանսական հաշտարարի գրասենյակ դիմելուց, այլ անելիք չունեն: Փայլուն տրամաբանություն է: Ահա թե ինչի համար է ՀՀ պետբյուջեից միայն 2013-ին սոցփաթեթների համար ապահովագրական ընկերություններին հատկացվել մոտ 21,5 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2012-ին հատկացվել է ընդամենը 15 մլրդ դրամ:
Իսկ ի՞նչն է դրդել ապահովագրական ընկերություններին այսպիսի նյարդային պահվածքով հանդես գալ: Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ 2014-ից ԱՊՊԱ-ները պետբյուջեից այլեւս գումար չեն ստանա: Մարդկանց առողջության համար հատկացված գումարները կփոխանցվեն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Եվ ահա ԱՊՊԱ-ները որոշել են նեղանալ ու դեկտեմբերից արդեն հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները: Իսկ թե ինչով է զբաղված ոլորտը կանոնակարգող նախարար Դերենիկ Դումանյանը, այս դեպքում անհասկանալի է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս