ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՅԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հինգ օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայի (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) ոսկերիչները չեն աշխատում, իսկ արհեստանոցները փակված են: Պատճառը շուկայում իրականացվող ստուգումներն են, ըստ որոնց՝ նման շենքային պայմաններում արգելվում են օգտագործել գազի եւ ջրածնի «բալոններ»: Տեսակետ կա, որ այս ստուգումներն այլ պատճառներ ունեն. այս կերպ փորձ է արվում ոսկերիչներին հանել ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի դեմ: Ինչի արդյունքում Վաղարշից հիասթափված ոսկերիչները ստիպված կլինեն տեղափոխվել նոր կառուցվող «Երեւան մոլ», որն էլ, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու: Պատճառը քաղաքացիներից ստացած բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն: Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ են սկսվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոսկերիչներից մեկը՝ 58-ամյա Գրիշը, նկատեց. «Սրանց նպատակը շուկան պարալիզացնելն է, որ չաշխատենք: Շատ են ընկնում մանրուքների հետեւից՝ ասելով՝ պլիտա չպետք է լինի, բաչոկով բենզին նույնպես, բա էլ ո՞նց աշխատենք: Բայց կարծում եմ, որ անվտանգությունը միայն պատճառ է»:
Ոսկերիչների շրջանում տեսակետ կա, որ այս ամենի նպատակը ոսկերիչներին շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի դեմ հանելն է: Լուրեր են տարծվում, թե Վաղարշը չի կարող իրենց օգնել, հանել այս վիճակից, հետեւաբար նաեւ լավ չի կառավարում շուկայի աշխատանքները: Իհարկե, այս պնդումները հիմնազուրկ չեն, քանի որ իսկապես Վաղարշը ոսկու շուկայում աշխատելու տարրական մարդկային պայմաններ չի ստեղծել, նույնիսկ չի լուծում տարիներ շարունակ առկա ավտոկայանատեղիի հարցը: Սակայն հասկանալի է, որ նման քայլերով փորձ է արվում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոսկերիչները տեղափոխվեն նոր կառուցվող «Երեւան մոլ» առեւտրի կենտրոն, որի սեփականատերը ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է:
Ի դեպ, ոսկերիչների մեծ մասն արդեն սկսել է հետաքրքրվել՝ «Մետաքս գոլդ»-ում ազատ տեղ կա, թե ոչ, քանի որ այնտեղ գազի եւ ջրածնի բալոններ օգտագործելու համակարգը ճիշտ է կառուցված: Միաժամանակ բոլորն էլ միաբերան հայտարարում են, որ եթե «Երեւան մոլ»-ում պայմանները լինեն այնպես, ինչպես «Մետաքս գոլդ»-ում է, ապա բոլորն էլ հինգ րոպեում կտեղափոխվեն: Ահա այդ ժամանակ էլ ոսկու շուկայում կրքերը կհանդարտվեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս