ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆՆԵՐՈՎ

Դեկտեմբերի 8-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի են ունեցել համայնքի ավագանու ընտրություններ: Առաջադրված թեկնածուները 15-ն էին: Պաշտոնական տվյալների համաձայն` 14 հազար 334 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 4 հազար 86-ը: Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրության՝ առավել թվով` 645 ձայն է հավաքել Վանիկ Աբրահամյանը: Ավագանու անդամ են ընտրվել նաեւ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ճավրուշյանը եւ նույն ընկերության գազ լիցքավորող Արմեն Պապինյանը: Նշված ընկերությունը պատկանում է սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության պետին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին, որն էլ Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին է: Փաստորեն, Ղարաքեշիշյանների կլանը դեռ շարունակում է Ստեփանավանում իշխել: Հիշեցնենք, որ ներկայիս քաղաքապետի եղբայրը՝ նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթո մականվամբ), հաճախ է հիշատակվել քրեական պատմություններում: Նրա բոլոր երեք ընտրություններն էլ աչքի են ընկել աղմկալի հաշվեհարդարներով, կրակոցներով:

 

 

ԱՆՑԱՆ ՑԱՆԿԱԼԻՆԵՐԸ

Նոյեմբերին Պռոշյանում մրցույթ է անցկացվել համայնքի աշխատակազմի մի քանի թափուր տեղերի համար: Դրանք, հիշեցնենք, ազատվել էին Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի կողմնակիցների միասնական հրաժարականների արդյունքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մրցույթի արդյունքում գյուղապետարանում աշխատանքի են անցել միայն հանրապետական գյուղապետ Արթուր Մուրադյանի ցանկալի մարդիկ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, գյուղապետն ասաց, որ Հ. Մուրադյանի թիմից ոչ ոք մրցույթին չի մասնակցել, իսկ իրենք էլ արդար մրցույթ են անցկացրել. «Իմ կողմնակիցները չկան, անցել են գյուղի այն բնակիչները, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել, ու անգամ ԲՀԿ-ից էլ մարդիկ են անցել»:

 

 

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին, 12-ին եւ 13-ին ՀՀ-ում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց եւ ցածր տեսանելիություն: Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան է՝ 5-10 մ/վրկ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով: Իսկ Երեւանում դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, իսկ 14-16-ին` առանց տեղումների եղանակ:




Լրահոս